Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga
A A
Սպորտ

Գերմանիան ցանկանում է Թուրքիային զրկել չեմպիոնների լիգայից

Գերմանիայի ֆուտբոլի միությունը հայտ է ներկայացրել Եվրոպայի ֆուտբոլի միություն և պատրաստ է իր մոտ անցկացնել չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վերջին հանդիպումները: Այդ մասին տեղեկացնում է Bild-ը:

Ըստ աղբյուրի, ՈՒԵՖԱ-ն պատրաստվում է չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ և  եզրափակիչ խաղերն անցկացնել մեկ երկրում: Պահանջն այն է, որ մարզադաշտերը պետք է իրարից շատ մոտ գտնվեն, առավելագույն հեռավորությունը՝ 100 կմ: Գերմանիան ՈՒԵՖԱ-ին առաջարկել է «Այնտրախտի», «Մայնցի», «Հոֆենհայմի» և «Դարմշտադտի» մարզադաշտերը: 

Սակայն կան մի քանի խանգարող հանգամանքներ: Նախ, չեմպիոնների լիգայի այս տարվա եզրափակիչը նախատեսված է Ստամբուլում: Թուրքիան պատրաստ է իր մոտ անցկացնել կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը: ՈՒԵՖԱ-ն հավանաբար կհրաժարվի այդ առաջարկից, քանի որ Թուրքիան չի կարողանում թուլացնել կորոնավիրուսի համավարակի տարածումը:

Չեմպիոնների լիգայի մինի մրցաշար կազմակերպելու ցանկություն են հայտնել նաև Պորտուգալիան ու Ռուսաստանը: Առաջինը մտադիր է բոլոր խաղերն անցկացնել Լիսաբոնում, իսկ ռուսները դեռ կոնկրետ ծրագիր չեն ներկայացրել:

Նշենք, որ չեմպիոնների լիգան կորոնավիրուսի պատճառով դադարեցվել էր 1/8 եզրափակիչի պատասխան խաղերի ժամանակ: ՈՒԵՖԱ-ն մտադիր է մրցաշարի մնացած մասն անցկացնել օգոստոսին, սակայն դեռևս որոշված չէ ձևաչափը: 

Կան բազմաթիվ խնդիրներ: Մասնավորապես, Ֆրանսիան մինչև սեպտեմբեր արգելել է երկրում անցկացնել խոշոր միջոցառումներ, ինչը նշանակում է, որ Փարիզի «ՊՍԺ»-ն չի կարող խաղալ իր հարկի տակ: Մյուս երկրները, բացառությամբ Իտալիայի, դեռ չեն բացել սահմանները:

ՈՒԵՖԱ-ն այդ հարցի մասին վերջնական որոշում կկայացնի այս ամիս նախատեսված գործադիր կոմիտեի ժողովի ժամանակ: