Բացել լրահոսը Փակել լրահոսը
արման բաբաջանյան
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Վակուումը այսպես, թե այնպես լցվելու է․ եթե չլցվի հեղափոխությանը հավատարիմ ուժերով, կզբաղեցնեն հակահեղափոխականները․ Արման Բաբաջանյան

Իշխանությունը բազմաթիվ հարցերում չունի հայեցակարգային, ռազմավարական մոտեցումներ,- կարծում է պատգամավոր, «Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամ Արման Բաբաջանյանը։ Նա պատասխանել  է մի քանի  հարցերի:

 

- Դուք ձեր համախոհների հետ հիմնադրել եք « Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը, որը դառնալու է կուսակցություն։ Ինչո՞ւ հատկապես հիմա, ի՞նչ գործոններ են ձեզ ստիպել հանդես գալ նման նախաձեռնությամբ։

- Քաղաքական կուսակցություն հիմնադրելու մասին մենք՝ համախոհներով մտածում ենք մեկ տարուց ավելի։ Նման քայլի դիմելու հիմնական դրդապատճառը մեր քաղաքական դաշտի անկատարությունն ու չկայացվածությունն է։ Խնդիրն այն է, որ գործող քաղաքական համակարգն իմաստով դեֆորմացված է ու չի ներկայացնում հասարակության իրական քաղաքական տրամադրությունները։ Գործող խորհրդարանը ձևավորվել է 2018թ. հեղափոխությունից հետո և հեղափոխության ալիքի հիման վրա։ Դա նշանակում է, որ քաղաքացիները հեղափոխական վստահության մանդատ են տվել ոչ միայն իշխանությանը, այլ նաև ընդդիմադիր քաղաքական ուժերին, քանի որ նրանք այս կամ այն չափով աջակցել են հեղափոխությանը։ Այսինքն՝ գործող խորհրդարանն ամբողջության մեջ պետք է լիներ հեղափոխական, հեղափոխական գաղափարների, ծրագրերի, բանավեճերի առումով։

Դա չի նշանակում, թե իշխանության ու ընդդիմության մոտեցումները պետք է լինեին նույնական: Ամենևին ոչ։ Պարզապես խորհրդարանական ընդդիմությունը պետք է դառնար հեղափոխական բարեփոխումների առանցքային շարժիչ ուժն ու պահանջատերը՝ պարտադրելով իշխանությանը կատարելու այդ արմատական բարեփոխումները։ Իրականում մեր քաղաքական դաշտում կա վակուում, դատարկ տարածություն, որը պետք է լցվի այն ուժով կամ ուժերով, որոնք հավատարիմ են հեղափոխությանը և պահանջատեր են հեղափոխական բարեփոխումներն առաջ տանելու հարցում։ Սա է մեր կուսակցության հիմնադրման հիմնական շարժառիթը, մենք հավատարիմ ենք մնալու հեղափոխության գաղափարներին, հեղափոխությամբ մեզ, մեր երկրին ու ժողովրդին տրված պատմական հնարավորությանը: Եվ գործելով ընդդիմադիր դաշտում` առաջ ենք մղելու բարեփոխումների օրակարգն ու ծրագրերը։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ հատկապես հիմա, ապա գուցե մենք անգամ փոքր- ինչ ուշացել ենք, քանի որ քաղաքական դաշտի վակուումը այսպես թե այնպես լցվելու է, և եթե այն չլցվի իմ նշած որակի ուժերով, այդ տեղը զբաղեցնելու են լուսանցքային, մարգինալ, հակահեղափախական ուժերը, ինչի դրսևորւմներ կամ փորձեր մենք արդեն իսկ տեսնում ենք։ Հետևաբար պետք է օր առաջ զբաղեցնել այն ընդդիմադիր դաշտը, որը կապ չունենալով անցյալի հետ՝ առաջ է մղելու ապագայի օրակարգեր և իշխանությանը պարտադրելու է իրականացնել ապգայի համար կենսականորեն անհրաժեշտ բարեփոխումները։ 

- Հնարավո՞ր է լինել ընդդիմություն և պաշտպանել հեղափոխական օրակարգը։

- Ամենևին հակասություն չկա այդ հարցում։ Անցած երկու տարիներին մենք տեսել ենք ու տեսնում ենք նաև այսօր, թե ինչպես են հեղափոխական իշխանության շատ ներկայացուցիչներ շեղվում հեղափոխության ու բարեփոխումների օրակարգից, կատարում հեղափոխությանը հակոտնյա գործություններ։ Ասվածը կարելի է տեսնել բազմաթիվ ոլորտներում, բայց ամենատեսանելին դատաիրավական ոլորտն է, որտեղ իշխանությունը գործնականում տապալել է բարեփոխումները։ Մենք չենք համակերպվելու դրա հետ, ու հավանաբար տեղյակ եք, որ նախաձեռնել ենք Վեթթինգի դիմիադրական շարժում, որի միջոցով, գործող կառուցակարգերի ու իրավակարգավորումների շրջանակում հասնելու ենք դատավորների շրջանում համատարած վեթթինգի՝ զտման։

Նույնը վերաբերում է նաև այլ ոլորտներին։ Իշխանությունը բազմաթիվ հարցերում չունի հայեցակարգային, ռազմավարական մոտեցումներ, իշխանության ամենախոցելի կետը կադրերն են, ունակ, կոմպետնետ կարող կադրերը, առանց որոնց այդ բարեփոխումները չեն կարող կյանքի կոչվել։ Եվ մենք մեր պայքարը ընդդիմադիր դաշտում տեսնում ենք հենց այդ ուղղություններով, մենք ներկայանալու ենք որպես գաղափարական, ծրագրային քաղաքական ուժ՝ միևնույն ժամանակ հանրությանը ներկայացնելով այն անհատներին, կադրերին, ովքեր ունակ են կյանքի կոչելու մեր գաղափարներն ու ծարգրերը։ Մենք ներկայացնելու ենք ոչ թե երկվա կամ այսօրվա, այլ վաղվա Հայաստանի գաղափարաներն ու ծրագրերը ու դրանք իրականացնելու ունակ կադրերին։ Սա է լինելու մեր գործունեության հիմնական մոդուսը, որի շնորհիվ մենք անելու ենք առավելագույնը՝ քաղաքական կյանքին նոր որակ հաղոդրելու, նոր քաղաքական մշակույթ հրապարակ բերելու համար։

- Ո՞ր  քաղաքական ուժերի հետ եք պատկերացնում ձեր համագործակցությունը, կա՞ն անհատներ կամ ուժեր, ում հետ բացառում եք որևէ համագործակցություն։

- Քաղաքական դաշտում մենք լինելու ենք բաց ու համագործակցային։ Միևնույն ժամանակ մենք ունենք ու ունենալու ենք կարմիր գծեր, որոնց չբավարարող ուժերի հետ ուղղակի չենք կարող համագործակցել։ Դրանք, առաջին հերթին նախորդ իշխանություններն ու նրանց սպասարկող ուժերն են, ինչպես նաև այն միավորները, որոնք որևէ առնչություն են ունեցել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին։ Այս չափանիշները մեզ համար ունեն սկզբունքային նշանակություն, քանի որ մենք չենք կարող որևէ ձևաչափով համագործակցել անձանց ու ուժերի հետ, որոնք թեկուզ չնչին առնչություն են ունեցել Հայաստանը կեղեքած նախկին իշխանությունների ու մեր նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկի՝ Մարտի 1-ի հետ։

Մեզ համար մերժելի են նաև հեղափոխությունից հետո երևան եկած որոշ շրջանակներ, ովքեր անթաքույց լծվել են օտար պետությունների շահերի սպասարկմանը Հայաստանում։ Բոլոր այն ուժերը, ում համար Հայաստանի ինքնիշխանությունը չունի բացարձակ արժեք, մեզ համար մերժելի են։ Դրանից դուրս մենք բաց ու պատրաստ ենք համագործակցության։ Ավելին, մեր առջև ծառացած է խնդիր ու մարտահրավեր, որը միայնակ որևէ քաղաքական ուժ, այդ թվում՝ իշխանությունը, չի կարող լուծել։ Խոսքս ընհանուր քաղաքական համակարգի կայացման ու մրցունակության բարձրացմամ մասին է։ Առանց դրա Հայաստանը չի կարող երկարատև հեռանկարում զարգացում ունենալ, քանի որ պետության զարգացման հիմքն ու երաշխիքը առողջ քաղաքական դաշտն է ու հակակշիռների ու փոխզսպումների գործուն մեխանիզմը։ Ցավոք, այդ առումով մենք հեռու ենք զարգացած լինելուց, մեր քաղաքական համակարգում չեն գործում կամ արդյունավետ չեն գործում հակակշիռների մեխանիզմները։ Այսինքն՝ մենք բոլորս, բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները խնդիր ունենք նախ ինստիտտուցիոնալ հարթությունում քաղաքական կյանքի կայացման առումով։ Ես անձամբ` որպես քաղաքական գործիչ, ու որպես նորաստեղծ քաղաքական միավորի համահիմնադիր, իմ առաքելություններից մեկը համարում եմ հենց դա՝ նպաստել քաղաքական դաշտի կայացմանն ու մրցակցայնության բարձրացմանը։

-Հիմնականում արտախորհրդարանական ուժերը պարբերաբար խոսում են արտահերթ գործընթացների, արտահերթ խորհրդարնական ընտրությունների անհրաժեշտության մասին։ Դուք նման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք, և արդյո՞ք ձեր գործունեության պլանավորման մեջ հաշվի առնում եք արտահերթ ընտրությունների հավանականությունը։

- Արտահերթ գործընթացների ու ընտրությունների անհրաժեշտության մասին խոսում են առավելապես ռևանշի հավակնություններ ու նպատակներ ունեցող ուժերը, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում են նախկին իշխանությունների՝ քոչարյանասարգսյանական համակարգերի հետ։ Իրականում Հայաստանում նման օրակարգ չկա, որովհետև 2018թ. խորհրդարանական ընտրություններում ավելի քան քսան տարվա ընթացքում առաջին անգամ երկրում ձևավորվել է միանգամայն լեգիտիմ, օրինակարգ իշխանություն, որի դեմ ուղղված ցանկացած քայլ, այդ թվում` արտահերթ գործընթացների հարցում, ոտնձգություն է հասարակության մեծամասնության կամքի, քվեի ու ժողովրդավարության դեմ։ Հետևաբար,  իրականության մեջ արտահերթ ընտրությունների որևէ նախադրյալ կամ պատճառ գոյություն չունի։

Այնուհանդերձ, քանի որ, ինչպես ասում են, քաղաքականության մեջ ոչինչ չպետք է բացառել, մենք՝ որպես նորաստեղծ միավոր մեր կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ պլանավորման գործընթացում հաշվի ենք առնում ցանկացած զարգացում ու սցենար, այդ թվում՝ նաև արտահերթ պրոցեսները։ Բայց խորապես համոզված եմ, որ նման զարգացումներ Հայաստանում տեղի չեն ունենա, քանի որ դրա քաղաքական նախադրյալներն ուղղակի գոյություն չունեն: Եվ արտահերթ ընտրությունների մասին բարձրաձայնումներն ընդամենը քարոզչական, մանիպուլյատիվ հնարքներ են։