Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault (1)
A A
Քաղաքականություն

ՊՆ-ին փորձում են ներքաշել անորակ քաղաքական խաղերի մեջ․ փոխնախարարը՝ զենքի անօրինական վաճառքի մասին հայտարարություններից (տեսանյութ)

Զինված ուժերում և ՊՆ համակարգում վերահսկելի իրավիճակ է կորոնավիրուսի առումով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Նա փոխանցեց, որ վարակակիր զինծառայողների հիմնական մասը պայմանագրային եւ սպայական կազմից է, նրանք, ովքեր օրենսդրությամբ հնարավորություն ունեն ելումուտ անելու զորամասեր։ 

«Մի քանի դեպքեր եղել են նաեւ ժամկետային զինծառայողների շրջանում, սակայն նրանք բուժվել են»։

Փոխնախարարը վստահեցրեց, որ անհանգստանալու կարիք չկա, և  կարեւոր է, որ Զինված ուժերի մարտունակության և մարտական պատրաստվածության վրա դա չի ազդել։

«ԶՈՒ-ի պատրաստվածության պլանով բոլոր միջոցառումներն անխտիր իրականացվում են»,- հայտարարեց Բալայանը։

Ինչ վերաբերում է վերջն շրջանում զենքի անօրինական վաճառքի հետ կապված հայտարարություններին, Բալայանն ասում է՝ Պաշտպանության նախարարությանը փորձում են ներքաշել անորակ քաղաքական խաղերի մեջ.

«Պաշտոնապես հայտարարում եմ՝ 2018 թվականից ի  վեր որևիցե երրորդ երկրի հետ Հայաստանի մասնակցությամբ՝ ի դեմս ՊՆ-ի, որևիցե նման գործարք տեղի չի ունեցել»:

Փոխնախարարը հիշեցրեց, որ գոյություն ունի «Լիցենզավորման մասին» օրենք, որի 12.1 հոդվածը սահմանում է ռազմական արտադրանքի ներմուծման հետ կապված իրավահարաբերությունները: Այդ օրենքում փոփոխություններ տեղի են ունեցել, երբ Հայաստանի վարկանիշը իջնում էր միջազգային իր գործընկերների մոտ՝ կապված զենքի միջազգային առևտրի հետ:

«Դրանից հետո ընդունվել է Կառավարության որոշումը, որը խիստ կանոնակարգել է այդ բոլոր դեպքերը, սպառազինության ցանկն էլ է հաստատվել»:

Հիշեցնենք, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ Հայաստանը ներգրավվել է զենքի անօրինական վաճառքի մեջ:

Բալայանը չբացառեց, որ հնաարվոր է՝ ձեռք են բերվել զենքեր, որոնք տեխնիկապես վերափոխելու հնարավորություն ունեն, բայց այդ ամենը եղել է իրավաչափ:

Մնացած հարցերի պատասխանները կտրվեն քննությունների արդյունքում,-վստահություն հայտնեց փոխնախարարը:

Ինչ վերաբերում է նախին վարչապետ Հրանտ Բագրատյանի այն հայտարարությունը, թե Ալիևի փոխարեն ինքը  3-4 ամսից կհարձակվեր Հայաստանի վրա,  Բալայանն ասում է՝ այս հայտարարությունը ոգևորել է հակառակորդ երկրին.

«Եթե խոսեին հակառակորդի անունից, բավականին օրինաչափ կլիներ, չգիտեմ՝ ինչն է նրանց նպատակը, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր մարտունակության վրա դա որևէ կերպ ազդեցություն չի ունենում, եթե հակառակորդը փորձում է ոգևորովել, ապա տեղում ճնշվում է այդ ոգևորությունը»:

Տեսանյութը՝ Factor.am-ի