Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Առաջարկվում է ԱԺ-ի կողմից ընտրովի մարմինների անդամների ընտրությունը քննարկել նաև արտահերթ նիստում (տեսանյութ)

Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Քննարկվեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու հարցը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախագծի հեղինակ և հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը ընդգծեց, որ  ԱԺ-ի կողմից պաշտոններում նշանակելու կամ ընտրելու կարգերի հետ կապված կան խնդիրներ:

«Մենք այդ ամբողջ գործընթացը բերեցինք մեկ տրամաբանական ծիրի մեջ»,- վստահեցրեց նա:

Հովակիմյանի առաջարկով ԱԺ-ի կողմից ընտրովի մարմինների անդամների պաշտոնների նշանակումը կամ ընտրությունը կարող է կատարվել նաև արտահերթ նիստերում:

«ՍԴ մասին օրենքում և դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները ևս բերվում են  այս տրամաբանության մեջ»,- ասաց  Հովակիմյանը։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե ո՞րն է օրենքի տրամաբանությունը. «Արտահերթի կարիքը  ինչո՞վ է պայմանավորված, եթե մենք բացի հուլիս և օգոստոս ամիսներից, մնացած բոլոր ամիսներին նստաշրջաններ ունենք։ Դուք կարծում եք, որ այդ երկու ամսում երկրում կարող է ճգնաժա՞մ առաջանալ»։

Ի պատասխան պատգամավորի դիտարկումների՝  Հովակիմյանն ասաց, որ խնդիրն ամիսների մեջ չէ, այլ ԱԺ կանոնակարգում կա տեխնիկական խնդիր, որը հնարավորություն չի տալիս խորհրդարանին ժամանակին համալրել թափուր տեղերը.

Մելքումյան իր հերթին արձագանքեց, որ մտավախությունը, թե որևէ մարմին կարող է ամբողջ կազմով միանգամից հրաժարական տալ, իհարկե տեսական սցենար է, այդ դեպքում  ինչո՞ւ ԱԺ կողմից ձևավորվող մյուս մարմինների համար էլ օրենքը չի տարածվում, օրինակ ԿԲ խորհրդի, ԿԸՀ-ի և մյուս մարմինների համար։ 

«Ինչո՞ւ ենք կենտրոնանում միայն ՍԴ-ի վրա»։

Նախագծի հեղինակը վստահեցրեց, որ այս կարգավորումը տարածվում է բոլոր մարմինների վրա: