Բացել լրահոսը Փակել լրահոսը
հքծ հատուկ քննչական ծառայություն
A A
Պաշտոնական

«Արմավիր» ՔԿՀ-ի նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Գ. Ս.-ն, 2018-2019 թվականներին զբաղեցնելով ՀՀ ԱՆ Արմավիր քրեակատարողական հիմնարկի տեղամասի պետի պաշտոնը, նշված տեղամասում արգելանքի տակ պահվող կալանավորված անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, ծառայության գծով հովանավորչության և թողտվության համար ստացել է խոշոր չափի կաշառք և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները:

Ըստ առաջադրված մեղադրանքի` Գ. Ս.-ն, իր ընտանիքին պատկանող հանդիսությունների սրահի կառուցման համար շինանյութ ապահովելու նպատակով, 2019 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ Արմավիր ՔԿՀ-ում պահվող կալանավորված երկու անձանցից շինանյութի տեսքով ստացել է խոշոր չափի կաշառք: Մասնավորապես, կալանավորներից մեկի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, այդ թվում` քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր տեղափոխելուն աջակցելու համար, Գ. Ս.-ն 2019 թվականի ապրիլին հիշյալ կալանավորից պահանջել և նրա մտերիմի միջնորդությամբ որպես կաշառք ստացել է տարբեր շինարարական ապրանքներ: Վերջինս կալանավորի հանձնարարությամբ դրանք գնել և փոխադրել է Գ. Ս.-ի ընտանիքին պատկանող հանդիսությունների սրահ: 

Կալանավորված մյուս անձի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար Գ. Ս.-ն նրանից նույնպես 2019 թվականի մարտին որպես կաշառք ստացել է շինարարական ապրանքներ, որոնք դարձյալ փոխադրվել են նրա ընտանիքին պատկանող հանդիսությունների սրահ: Սակայն շինանյութի հերթական խմբաքանակը Գ. Ս.-ն չի հասցրել ստանալ, քանի որ այն տեղափոխող անձը 2019 թվականի հուլիսի 11-ին բռնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Բացի այդ, Գ. Ս.-ն, որպես կաշառք ստացած շինարարական ապրանքների դիմաց իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նպաստել է քրեակատարողական հիմնարկ արգելված իրերի տեղափոխմանը, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, մասնավորապես՝ միջոցներ չի ձեռնարկել քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց կողմից բջջային հեռախոսից օգտվելը և նրանց ազատ տեղաշարժը կանխելու, ինչպես նաև կալանավորված անձանցից արգելված իրերը հայտնաբերելու, իրավախախտումներն արձանագրելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու ուղղությամբ: 

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Գ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: