Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այսուհետ քննիչը վկային կամ տուժողին կարող է հարցաքննել հեռավար կարգով (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողներին

Նախագծի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանն ու Արուսյակ Ջուլհակյանը:

Նախագծի հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ դրա նպատակն է հնարավորություն տալ վարույթ իրականացնող մարմնին հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողներին՝ նույն նախագծով սահմանված դեպքերում և օրենսգրքով սահմանված դեպքերում, օրինակ՝ երբ վկան կամ տուժողը առողջական վիճակի կամ տարիքի պատճառով չի կարող ներկայանալ քրեական վարույթ իրականացնող մարմին, հարցաքննությունը կարող  է կազմակերպվել հեռավար: Օրենքը նաև այլ դեպքեր է սահմանում.

«Երբ անձը գտնվում է Քաջարանում, պարտադիր չէ նրան տեղափոխել Երևան՝ վարույթն իրականացնող մարմնի մոտ, այլ քննիչը կարող է տվյալ անձին հեռավար կարգով հարցաքննել՝ համապատասխան հանձնարարագիր ուղարելով, օրինակ, Քաջարանի քննչական բաժնի քննիչին կամ հետաքննության մարմին, նրանք վկային կամ տուժողին հրավիրում են բաժին և կազմակերպում են հարցաքննությունը»: 

Եթե անձը երկրից դուրս է, այս պարագայում ևս հարցաքննությունը կարող է կազմակերպվել հեռավար՝ այդ երկրում գտնվող մեր դիվանագիտական մարմինների միջոցով: