Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Ունենք աղետալի վիճակագրություն, բժիշկներն ահազանգում են». պատգամավորները գնահատում են իրավիճակը երկրում (տեսանյութ)

Ազգային ժողովը քննարկում է ոստիկանությունում բարեփոխումներ կատարելու նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: 

Ազգային ժողովի Պաշտպանության  և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց՝ Ոստիկանությունը տարբեր ժամանակներում  օգտագործվել է ոչ նպատակային և ոչ պետական տրամաբանության շրջանակներում, ինչի հետևանքով ոստիկանության նկատմամբ վերաբերմունքը փոխվել է, իսկ  Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն:

Քոչարյանը վստահեցրեց, որ շատ ավելի ֆունդամենտալ ծրագրեր կներդրվեն առաջիկայում:

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ևս պնդեց, որ այս բարեփոխումների համար որևէ բան չպետք է խնայվի, քանի որ դրանք կենսական նշանակություն ունեն: 

Պատգամավորը հայտարարեց, որ Արարատի մարզի Հովտաշատ գյուղում այս պահին բողոքի ակցիա է տեղի ունենում, որտեղ ոստիկանները այս համավարակի պայմաններում  փորձում են իրենց պարտականությունները կատարել, իսկ երկրում իրավիճակը գնալով լարվում է: Պատգամավորը հիշեցրեց, որ այսօր վարակի առումով հակառեկորդ ենք ունեցել։

Պարետատան որոշումներում Ազգային ժողովը ևս պետք է ներգրավվի,-համոզմունք հայտնեց նա և հավելեց, որ պետք է ամբողջությամբ լծվել կյանքեր փրկելու գործին.

«Կոչ եմ անում բաց կամ փակ նիստ հրավիրել և կանչել առողջապահության նախարարին, պարետին ու ոստիկանապետին և քննարկել այս հարցը»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս իրավիճակը աղետալի համարեց և շեշտեց, որ բժիշկները ահազանգում են, համաձայնեց  Բաբաջանյանի դիտարկումներին, որ պետք է իրավիճակից միասնական ելքեր փնտրել:

Ինչ վերաբերում  է ոստիկանությանը, Զոհրաբյանը կարծիք հայտեց, որ ոստիկանությունը տարիներ շարունակ եղել է «ամենաայլասերված համակարգերից մեկը», և շատ կարևոր է ոստիկանի կերպարը.

«Ոստիկան, որը ճանկռտելով բերման է ենթարկում  քաղաքացուն, հետո ասում է, որ ինքը իրեն կծել է, այսինքն ՝ ցանկացած օրենք այս դահլիճում ընդունված դառնալու է մեռելածին, եթե մենք շարունակենք աջ ձեռքով ձախ ականջը քորել»:

Զոհրաբյանը կարևորեց կրթության ծրագրերի անհրաժեշտությունը: