Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականները հաղթել են Եվրալիգայում

Շախմատի մինչև 12 և մինչև 16 տարեկանների Հայաստանի հավաքականները հաղթող են ճանաչվել ապրիլի 25-ից մեկնարկած շախմատի առցանց պատանեկան Եվրոլիգայի խաղարկությունում:

Ինչպես հայտնում է շախմատի Հայաստանի ակադեմիայի մամուլի ծառայությունը, մրցաշարը կազմակերպել է Կիևի Gambit Chess Club շախմատային ակումբը: 

Հայաստանի շախմատի ակադեմիայի Մ-12 և Մ-16 հավաքականները հաջողությամբ հաղթահարել են նախնական բոլոր փուլերի և մտել են եզրափակիչ: Այստեղ մեր կրտսեր տարիքային ընտրանին, որը հանդես է եկել Ռուդոլֆ Փաշինյան, Նիկոլայ Հովյան, Վահե Սուքիասյան, Մենուա Հակոբյան և Միհրան Զուռնաչյան կազմով, 13:3 հաշվով բացահայտ առավելության է հասել Ռուսաստանի հավաքականի նկատմամբ ու հռչակվել Եվրոլիգայի չեմպիոն:

Մ-16 տարեկանների ընտրանին, որի կազմում հանդես են եկել Ռոբերտ Մուրադյանը, Արշակ Մելքոնյանը, Արսեն Դավթյանը և Րաֆֆի Ղազարյանը, համառ պայքարում 8,5:7,5 հաշվով հաղթել է Ռուսաստանի այդ տարիքային հավաքականին և նույնպես ճանաչվել չեմպիոն: