Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աբովյան
A A
Մարզեր Հասարակություն

«Աբովյանում խիստ սահմանափակումներ մտցնելու որոշում չկա»․ մարզպետ

Տեղեկություններ էին տարածվել, որ նոր կորոնավիրուսային հիվանդության ծավալների ընդլայնման պատճառով հնարավոր է, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ավելի խիստ սահմանափակումներ մտցվեն։ 

Տեղեկությունը ճշտելու համար «Ա1+»-ը կապ հաստատեց Աբովյանի համայնքապետարանի մամուլի քարտուղար Անի Կարապետյանի հետ։ «Մենք պարետից ցուցում չունենք, համայնքապետարանը նման ինֆորմացիա չունի, նման ինֆորմացիայի չի տիրապետում։ Դուք կարող եք պարետատնից ճշտել»,- ասաց մամուլի քարտուղարը։

Պարետան և արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մամուլի քարտուղար Վահան Հունանյանին կատարած մեր զանգերը մնացին անպատասխան։

Տեղեկություններ ունեինք նաեւ, որ Աբովյանում վարակիրների թիվը բավականին մեծացել է։ Տիրող համավարակային իրավիճակի վերաբերյալ փորձեցինք տեղեկություն ճշտել ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից։ «Մարզպետարանից կարո՞ղ եք ճշտել։ Առանձին մարզերի վերաբերյալ տվյալներ չունեմ»,- պատասխանեց մամուլի խոսնակը։

Ավելի խիստ սահմանափակումների մտցնելու վերաբերյալ մեր հարցին ի պատասխան՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ որևէ նման բան պաշտոնապես չկա, որևէ նախագիծ, պարետի որոշում կամ քննարկում։ «Խստացումն օրեր առաջ մտցվել է, ինչպես գիտեք, դիմակներ կրելու, նաև ախտահանիչ նյութերի կիրառման, մասսայական միջոցառումների սահմանափակման մասին, իսկ մասնավորապես Աբովյանի մասով առանձին որոշում այս պահի դրությամբ գոյություն չունի»,- ընդգծեց Կոտայքի մարզպետը։

Հարցին՝ ի՞նչ կասի վարակակիրների թվի մասով, քանի որ մեր տեղեկությունների համաձայն՝ մեծ թվով վարակակիրներ կան, Աբովյանի հիվանդանոցում մեծ թվով պացիենտներ կան, պատասխանեց, որ որևէ առանձին ասելիք այս պահին չունի։ «Խնդրում եմ պաշտոնական հաղորդագրությանը հետևեք»,- եզրափակեց մարզպետը։

 

 

Ավելի ուշ Ավինյանի գրասենյակի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը կապ հաստատեց մեր թղթակցի հետ։ Նա ասաց, որ զբաղվածության պատճառով չի կարողացել պատասխանել զանգերին, իսկ Աբովյանում ավելի խիստ սահմանափակումներ մտնելու մասով նշեց, որ որոշման դեպքում կհրապարակվեր, և դեռևս նման որոշում չկա։