Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հույս ունենք, որ չի ծագի նման անհրաժեշտություն․ վարչապետը` Վրաստանի առաջարկած օգնության մասին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո ճեպազրույցի ավարտին պատասխանեց լրատվամիջոցների տված հարցերին, դրանք հիմնականում երկուսն էին։

Առաջին հարցը հայկական արտադրության առաջին թեստերին էր վերաբերում, երբ  պատրաստ կլինեն դրանք:

«Թեստավորումներն իրականացվում են ըստ ցուցումների: Առողջապահության նախարարի կողմից սահմանված կանոններ կան, թե որ պարագայում է պետք թեստավորել քաղաքացիներին: Ամեն օր արվում է այնքան թեստ, ինչքան առաջանում է ըստ ցուցումների: Ինչ վերաբերում է հայկական արտադրության թեստերին, Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտը ավարտել է լաբորատոր փորձարկումները եւ դիմել առողջապահության նախարարություն՝ անկախ փորձարկումներ կազմակերպելու համար: ԱՆ-ը մի քանի օրվա ընթացքում այս պրոցեսն ավարտին կհասցնի, որից հետո հնարավոր կլինի սկսել թեստերի արտադրությունը: Նախատեսված է 100 հազար թեստի արտադրություն՝ օրական 1000-2000 թեստ»,-պատասխանեց վարչապետը:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ Հայաստանի կառավարությունը դիմի Վրաստանին օգնության համար, և եթե այո, ո՞ր դեպքում դրա անհրաժեշտությունը կառաջանա եւ կոնկրետ ի՞նչ աջակցության տեսակի համար Հայաստանի կառավարությունը կարող է դիմել Վրաստանին, վարչապետը պատասխանեց.

«Մենք կորոնավիրուսի համաճարակի կամ դեպքերի արձանագրման առաջին օրվանից  սերտորեն գործակցել ենք Վրաստանի կառավարության հետ: Ընդ որում, վարչապետից մինչեւ մասնագետներ: Եվ այդ համագործակցությունը շատ արդյունավետ ենք համարում: Վրաստանը մեզ համար եղբայրական երկիր է եւ նման պատրաստակամությունը շատ ջերմացնում է մեզ: Բնականաբար, եթե նման անհրաժեշտություն ծագի, կարող են լինել քայլեր: Բայց մենք հույս ունենք, որ նման անհրաժեշտություն չի ծագի: Ինչպես մենք բոլորս կարող ենք այնպես անել, որ վերակենդանացման բաժանմունքների ծառայությունների կարիքը չլինի, այնպես էլ կարող ենք այնպես անել, որպեսզի աջակցության կարիք չունենանք: Մենք պետք է պատրաստակամություն ունենանք փոխադարձաբար, առավելապես, Հայաստանը եւ Վրաստանը՝ իրար օգնելու: Եվ ես ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականին կարմրուկի համաճարակի բռնկման ժամանակ Հայաստանը Վրաստանին 30 հազար դոզա պատվաստանյութ է տրամադրել: Այս ընթացքում մենք պետք է մշտապես իրար կողքի լինենք, իրար աջակցենք, որովհետեւ համաճարակները մեր ընդհանուր օրակարգի հարց են, դա ընդհանուր սպառնալիք է: Մենք մեր հարեւանների՝ եւ Վրաստանի, եւ Իրանի, եւ միջազգային մյուս գործընկերների հետ պատրաստ ենք սերտորեն համագործակցել»,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանը: