Բացել լրահոսը Փակել լրահոսը
MIED
A A
Քաղաքականություն

«ՄԻԵԴ-ը հայտնել է իր զարմանքը»

Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆբ-ի իր էջում անդրադարձել է  ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի ՝ ի պատասխան Կոնվենցիայի 16-րդ արձանագրության հիման վրա ՍԴ դիմումի:

Գրառումը ստորեւ.

 ՍԴ-ն դիմել էր ՄԻԵԴ հետևյալ հարցերով․

1. արդյո՞ք որակական նույն պահանջներն են ներկայացվում (որոշակիություն, հասանելիություն, կանխատեսելիություն, կայունություն) Կոնվենցիայի 7-րդ հոդվածի իմաստով հանցագործություն սահմանող «օրենք» հասկացության և Կոնվենցիայի այլ՝ օրինակ՝ 811-րդ հոդվածներում գործածվող «օրենք» հասկացության նկատմամբ,
2. եթե՝ ոչ, ապա ինչպիսի՞ չափորոշիչներով են դրանք սահմանազատվում,

3. կարո՞ղ է, արդյոք, ավելի բարձր իրավաբանական ուժ և վերացականության ավելի բարձր աստիճան ունեցող իրավական ակտերի որոշակի իրավադրույթներին հղում պարունակող և դրա ուժով հանցագործություն սահմանող քրեական օրենքը բավարարել որոշակիության, հասանելիության, կանխատեսելիության և կայունության պահանջները,
4. քրեական օրենքի հետադարձ կիրառման արգելքի սկզբունքին (Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մաս) համապատասխան՝ ինչպիսի՞ չափորոշիչներ են սահմանված հանցանքի կատարման պահին գործող և դրանից հետո փոփոխված քրեական օրենքների համադրման համար՝ պարզելու դրանց բովանդակային (էական) նմանու-թյունները կամ տարբերությունները:

Առաջին երկու հարցերի կապակցությամբ Դատարանը նշել է, որ հարցերը պետք է լինեն ազգային մակարդակում քննվող գործի փաստական հանգամանքներից ուղղակիորեն բխող։ Դատարանը միևնույն ժամանակ արձանագրել է, որ կարող է նաև վերաձևակերպել հարցադրումները։

Դատարանն արձանագրել է, որ չի տեսել որևէ ուղիղ կապ պարոն Քոչարյանի վերաբերյալ քննվող գործի հետ։ Միաժամանակ Դատարանը դժվարացել է հասկանալ, թե ինչպիսի հարցեր կօգնեին Սահմանադրական դատարանին կողմնորոշվելու Դատարանի օգնությամբ։
Ի վերջո Դատարանն արձանագրել է, որ չի կարող պատասխանել այդ հարցերին քանի որ դրանք չեն համապատասխանում Կոնվենցիայի 16-րդ արձանագրության չափանիշներին։

Երրորդ հարցի կապակցությամբ Դատարանը վերահաստատել է իր դատական պրակտիկայով սահմանված իրավական որոշակիության և կանխատեսելիության ստանդարտները, որոնք պետք է գնահատվեն գործի կոնկրետ փաստական հանգամանքների հաշվառմամբ։
Միաժամանակ, Դատարանն արձանագրել է, որ ինքնին ավելի բարձր իրավական ուժ ունեցող նորմերին (օրինակ Սահմանադրությանը) հղումներ պարունակող օրենսդրական տեխնիկայի կիրառությունն ինքնին չի հակասում Կոնվենցիայի 7-րդ հոդվածին, և այդպիսի տեխնիկա կիրառվում է Եվրոպայի խորհրդի անդամ տարբեր պետությունների կողմից։

Դատարանը նշել է, որ օրենքը չի կարող գերազանցել ավելի բարձր իրավական ուժ ունեցող նորմերի շրջանակը, որոնց հղում է պարունակում։ Դատարանն արձանագրել է որ հենց գործը քննող դատարանը պետք է որոշի՝ արդյոք քրեական պատասխանատվությունը կանխատեսելի էր ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից և համապատասխանում է իրավական որոշակիության սկզբունքներին։

Չորրորդ հարցի կապակցությամբ

Դատարանն այս հարցով ևս հղում է կատարել իր դատական պրակտիկային, որի մանրամասն ուսումնասիրությունը կօգնի կողմնորոշվելու օրենքի հետադարձ ազդեցության հարցի կապակցությամբ ձևավորված ստանդարտներում ։

Դատարանն արձանագրել է, որ առաջադրված հարցի պատասխանը կլինի չափազանց վերացական և այդ իսկ պատճառով դրան չի կարող պատասխանել։
Այնուամենայնիվ, Դատարանը հուշել է որ Եվրոպայի խորհրդի անդամ տարբեր պետություններ քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքի հետադարձ ազդեցության վերաբերյալ գործերով կիրառում են կոնկրետացման սկզբունքը, որի շրջանակներում ներպետական դատարանները պետք է քննարկեն կոնկրետ գործի փաստական հանգամանքները և պատասխանեն հարցին, թե արդյոք նոր օրենքն ավելի խիստ է քան նախորդը։

Դատարանն արձանագրել է որ եթե նոր օրենքն ավելի խիստ չէ, ապա որևէ խնդիր չի կարող առաջանալ դրա հետադարձ ազդեցության կիրառման առումով։ Ազգային դատարանը պետք է գործի քննության շրջանակներում պարզի՝ արդյոք մեղադրանքի բոլոր բաղադրիչները քրեականացված են նոր օրենքով և արդյոք քրեականացված էին նախորդ օրենքով։

Եթե ամփոփենք,

ՄԻԵԴ-ն իր կարծիքով դատարանին հատուկ լակոնիկ և հարգալից ձևակերպումներով արտահայտել է իր զարմանքը 1-ին և 2-րդ հարցերի կապակցությամբ, որոնք ոչ միայն հասկանալի չէ թե ինչպես են փոխկապակցված կոնկրետ գործի հետ, այլ նաև այն աստիճան անորոշ են եղել, որ դրանք որևէ պիտանի վերաձևակերպման հնարավոր չի եղել ենթարկել։

3-րդ և 4-րդ հարցերի կապակցությամբ Դատարանը խորհուրդ է տվել հնարավորինս ուշադիր և մանրամասն ուսումնասիրել դատարանի զարգացրած պրակտիկան, այլ երկրների փորձը և հարցերին վերաբերող հետազոտությունները, որոնք օգտակար կլինեն հարցերով հետաքրքրվող անձանց։

Դատարանն իր կարծիքի շրջանակներում փաստել է, որ ըստ էության ՍԴ-ն անելիք չունի այս հարցով և 3-րդ և 4-րդ հարցերը պետք է լուծի գործը քննող ներպետական դատարանը՝ ելնելով կոնկրետ գործի փաստերից և առանձնահատուկ հանգամանքներից։