Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հայաստանը չի պահանջել, իսկ Հնդկաստանը զգուշացրել է՝ վերադարձ միայն կորոնավիրուսի թեստը հանձնելուց հետո

Առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել հնդկական Air India ավիաընկերության ինքնաթիռը։

Այն ժամանել է Հայաստան «Vande Bharat» (վերադարձ Հնդկաստան) ծրագրի շրջանակում, որպեսզի էվակուացնի Հայաստանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներին։

Նույն ինքնաթիռով, Նյու Դելի- Երեւան հատուկ չվերթով Հայաստան են ժամանել ՀՀ 24 քաղաքացիներ։

Հնդկաստանում Հայաստանի դեսպանության տեղեկացմամբ, երկրում տեղաշարժի սահմանափակման պատճառով ՀՀ քաղաքացիները ստիպված են եղել մոտ երեք ամիս մեկուսացվել Նյու Դելի, Կալկաթա, Մումբայ, Չեննայ քաղաքներում։ Հնդկական ավիաընկերության՝ Երեւան թռիչքի մասին նրանք տեղեկացել են թե դեսպանատան, թե Аir India –ի կայքի միջոցով։

Չարտերային թռիքը արժեցել է 530 ԱՄՆ դոլար։

Հնդկաստանից Հայաստան ժամանողների համար COVID -19 թեստավորման որեւէ պահանջ չի առաջադրվել։ Նյու Դելիի օդանավակայանում միայն ստուգել են դիմակի, ձեռնոցների առկայությունը, չափել են ջերմությունը, տեղեկացել առողջական գանգատների մասին։

Հնդկական ինքնաթիռը հնդիկ ուղեւորներով վերադարձել է Հնդկաստան։ Ի դեպ, Հայաստանում Հնդկաստանի դեսպանության պաշտոնական կայքը տեղեկացնւմ է, որ վերոհիշյալ չարտերային թռիչքի բոլոր ուղեւորները պետք է դրանից երեք օր առաջ սեփական միջոցներով Հայաստանում կատարեն COVID-19 / Rapid Test, իսկ հայրենիք հասնելուն պես հատուկ նախատեսված հյուրանոցներում , կրկին իրենց միջոցներով , անցնեն 14 օրյա կարանտինային ռեժիմ։

Հնդկաստանում արտակարգ մեկուսացումը սկսվել է մարտի 25-ին եւ տարբեր փուլերով շարունակվում է մինչ օրս։ Մայիսի 25-ից վերաբացվել են ներիքին թռիչքները, իսկ Air India-ն արդեն երկրորդ շաբաթն է իրականացնում է միջազգային չարտերային թռիքներ Հնդկաստանի քաղաքացիներին վերադարձնելու նպատակով։

Արտակարգ իրավիճակը պետք է ավարտվի մայիսի 31-ին, բայց չի բացառվում, որ շարունակվի։

Ինչ վերաբերում է միջազգային կանոնավոր չվերթների վերաբացմանը, ապա Հնդկաստանի Քաղաքացիական ավիացիայի նախարարը օրերս հույս էր հայտնել, որ դա տեղի կունենա մինչեւ օգոստոս ամիսը։

Հնդկաստանի առողջապահության նախարարության վերջին տվյալներով, այս պահին կա կորոնավիրուսի հիվանդացության 165 000 դեպք,  71 000 ապաքինվել են, 4 706 մարդ մահացել:

Ի ԴԵՊ

 

Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում բնակվող հնդիկ եղբայրները բժշկական դիմակների շնորհիվ գումար վաստակելու հնարամիտ միջոց են գտել ։ Լուսանկարների տպագրության խանութ ունեցող եղբայրները նախ լուսանկարում են հաճախորդի դեմքը, հետո արտատպում նրա ծնոտը դիմակի վրա։ Արդյունքում ստացվում է՝ դնում են դիմակը, բայց իրականում երեւում է սեփական դեմքը ամբողջությամբ։ Նորարարությունը արդեն լայն տարածում է ստացել նահանգում։

Գայանե Հակոբյան

Նյու Դելի