Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Այսօր վարակի ամենամեծ օջախը մայրաքաղաք Երևանն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Նոր կորոնավիրուսի շուրջ իրավիճակը շարունակվում է լարվել։

Պարետատան հերթական նիստից հետո հրավիրված բրիֆինգում  վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․

«Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ այսօր վարակի ամենամեծ օջախը մայրաքաղաք Երևանն է և մենք կարող ենք արձանագրել, որ վարակի պոտենցիալ աղբյուրները ամենուրեք են՝ աշխատանքի վայրում, տրանսպորտում, փողոցում, հանրային սննդի օբյեկտներում , բակերում և ամենուր»:

Վարչապետը վերահաստատեց՝ իրավիճակից միակ ելքը հակահամաճարակային քայլերն են՝ դիմակի կրում, ձեռքերի պարբերաբար ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց դադարեցնել կորոնավիրուսի շուրջ տարածվող ապատեղեկատվությունը, դիմակի գնի շուրջ շահարկումները ևս  անհարկի համարեց.

«Մենք ոչ մեկին չենք պարտադրում դիմակ գնել և ասել ենք, որ  դիմակ կարող են պատրաստել նաև տնային պայմաններում: Որևէ մեկը չի քննարկում, որ  ակնոցը թանկ է, դրա համար տեսողության խնդիր ունեցող մարդիկ պետք է ակնոց չկրեն, կամ քննարկում չի լինում, որ օճառը թանկ է,  դրա համար մարդիկ չպիտի լվացվեն»:

Վարչապետը հատուկ ընդգծեց, որ դիմակների որակյալ (ճիշտ) կրումը շատ կարևոր է:

«Հնարավոր է բախվենք մի խնդրի, երբ վերակենդանացման  բաժանմունքներում ֆիզիկապես տեղ չլինի: Հիշեք, որ այդ պակասող տեղը կարող է պետք լինել ձեր հարազատին կամ անձամբ ձեզ»:

Հիշեցրեց, որ վարչական լծակներ  և պատժամիջոցներ են կիրառվում կանոնները խախտողների նկատմամբ:

Ոստիկանապետ Արման Սարգսյանն իր հերթին ներկայացրեց խախտումների և տուգանքների վիճակագրությունը: Տեղեկացրեց,  որ երեկ և նախորդ օրը Դավիթաշեն  և Նորք Մարաշ վարչական շրջաններում իրականացվել են ստուգայցեր, այսօր նաև Կենտրոն վարչական շրջանում.

«Դավիթաշեն վարչական շրջանում վարչական պատասխանատվության է ենթարկվել 104 քաղաքացի, իսկ  Նուբարաշեն և Նորք Մարաշ վարչական շրջաններում 124 քաղաքացի: Կասեցվել է 62 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն»:

Սարգսյանի խոսքով՝  միջմարզային ճանապարհներին տեղադրված անցակետերում մշտադիտարկման են ենթարկվում փոխադրամիջոցները, խախտումներ հայնաբերվելու դեպքում ենթարկվում են պատասխանատվության:

Վերջին օրերին շուրջ 2000 քաղաքացիների նկատմամբ կազմվել  է վարչական արձանագրություն,-հայտնեց Սարգսյանը՝ հավելելով, որ գործընթացը շարունակական է:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ այս պահին 316 քաղաքացի ծանր, 53 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է, 17 հիվանդ միացված է թոքերի արհեստական շնչառական սարքին:

Իրավիճակը կառավարելի պահելու համար մահճակալային ֆոնդը շարունակվում է ծավալվել,-հայտնեց նախարարը՝ հավելելով, որ մոտակա  մեկ ամսվա ընթացքում կունենանք մոտ 100 ինտենսիվ թերապիայի մահճակալ, դրանցից 50-ը կլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում, 50-ը՝ Էրեբունի հիվանդանոցում:

Այս գործընթացում ամեն օր նոր ուժեր են ներգրավվում,-վստահեցրեց Արսեն Թորոսյանը:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին հիշեցրեց, որ խնդիր է դրված՝ իրավիճակը վերահսկելի պահել, նորից կարանտինային պայմանների չվերադառնալ:

Բայց  վերադառնալու կամ չվերադառնալու չափանիշը, նրա պնդմամբ՝ վերակենդանացման բաժանամունքներում տեղերի առկայությունն է, իսկ այստեղ ամեն օր իրավիճակը գնալով ծանրանում է.

«Ոչ ոք չի բացառում, որ մենք ստիպված կլինենք նորից վերադառնալ կարանտինի, բայց կարող է մինչ այդ խստացման այլ միջոցներ կիրառվեն, մասնավորապես՝ որոշում կայացվի, որ դիմակ կրելը ամենուր պարտադիր է և սրա էֆեկտիվության գործակիցը այն է, որ հեշտ է վերահսկել»:

Փաշինյանին հարց ուղղվեց՝  թե արդյո՞ք   իր և  Արսեն Թորոսյանի միջև հակասություններ կան։

«Մեզ մոտ քննարկումները բուռն են, և բոլորն իրենց տեսակետներն արտահայտելու հնարավորություն ունենում են և այդ բանավեճում է, որ փորձում ենք գտնել ամենաօպտիմալ լուծումները: Ինչ վերաբերում է տեսակետների կամ մոտեցումների տարբերությունններին, դա կարող է մի քանի հանգամանքներով կապված լինել: Առողջապահության նախարարը հարցերին նայում է զուտ առողջապահական տեսակետից, բայց ընդհանուր առմամբ կառավարությունը փորձում է հավասարակշռել տնտեսական, սոցիալական և առողջապահական խնդիրները»,- ասաց նա՝  ընդգծելով՝  նախարարի և վարչապետի միջև չի կարող հակասություն լինել։

Ըստ նրա՝ Վարչապետը լսում է բոլորին և կայացնում է որոշում, այդ որոշումը պարտադիր պետք է կատարեն բոլոր այն պաշտոնյանները, որոնք ենթարկվում են վարչապետի որոշումներին։