Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-AipsYah6tS
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Ամեն հաջորդ օրը կառավարող ուժն ավելի ցածր վարկանիշ է ունենալու. Միքայել Նահապետյան

Խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ  քննարկեց ռազմական կամ արտակարգ դրության ընթացքում նախապես նշանակված հանարքվեի չեղարկման ինստիտուտ ներդնելու հարցը: Խորհրդարանական ընդդիմությունը առաջարկվող նախագծին դեմ արտահայտվեց: 

Թեմայի վերաբերյալ «Ա1+»-ը զրուցել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանի հետ:

-Իշխանական խմբակցությունն առաջարկում է  արտակարգ դրության պայմաններում ԱԺ-ին հնարավորություն տալ նախապես նշանակված հանրաքվեն չեղարկել:  Ըստ Ձեզ՝ այս պահին ինչո՞վ է պայմանավորված այս ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը:

-Ես կարծում եմ, որ նախագիծը, որը ուզում են բերել, ուղիղ կապ ունի ապրիլի 5-ի հանրաքվեի հետ, ավելին՝ տեսանելի ապագայում որևէ այլ խնդիր լուծելու համար դժվար թե պետք գա: Հազարից մեկ է լինում, երբ արտակարգ իրավիճակը այնքան երկար տևի, որ 60 օրվա սահմանը անցնի: Որքանով է պետք ունենալ այդպիսի ինստիտուտ կամ որքանով պետք չէ, հարցի մյուս կողմն է: Օրինակ՝ այդտեղ կա ռիսկ, որ անցանկալի իրավիճակներում կարելի է արտակարգ դրություն հայտարարել ու հանրաքվեն ընդհանրապես չեղարկել: Իրավիճակը հեշտերից չէ, ինչ-որ կերպ պետք է դրա տակից դուրս գան, որովհետև այս վիճակում  հանրաքվեն խնդրահարույց է հանրային առողջության տեսակետից:

-Խորհրդարանական ընդդիմությունն ակնարկում է, որ իշխանությունն արդեն վարկանիշի խնդիր ունի և հանրաքվեն հենց այդ նկատառումով է փորձում չեղարկել: Հակառակ դեպքում՝ արտակարգ դրությունից հետո, երբ վիրուսի տարածման ռիսկը նվազած կլինի, կարող են հանրաքվե կազմակերպել՝ կանոնների պահպանմամբ:

_Արտակարգ դրությունը մի ամիս երկարաձգել են, դրանից հետո էլ 30 օր որոշ տեղերում  կարող են երկարաձգել,  դրանից հետո ավարտվելու է և 55 օր հետո տեղի է ունենալու հանրաքվե, սա հուշում է, որ խոսքը 2.5-3 ամսվա մասին է: Ներկայիս իրավիճակին նայելով ինձ չի թվում, թե մենք կարող ենք 2.5-3 ամիս հետո Հանրապետությունում  1մլն 500 հազարանոց միջոցառում իրականացնել՝ առանց հանրային առողջությունը վտանգի ենթարկելու:  Վարկանիշի հետ կապված վստահ կարող եմ ասել,  որ ամեն հաջորդ օրը կառավարող ուժն ավելի ցածր վարկանիշ է ունենալու, քան դրա նախորդ օրը: Բայց այստեղ հարցը բնավ այդ չէ, եթե վարկանիշի խնդիր չունենային, չպիտի՞ չեղարկեին:

-Ընդդիմադիրներն ասում են՝  հնարավոր էր կազմակերպել հատուկ պայմաններով, ինչպես ,օրինակ, Արցախում:

-Արտակարգ դրությունը իր հետ սահմանափակումների շարք է բերում, իրավական ռեժիմ է, այդ սահմանափակումներից միայն մեկը հանրաքվեներ անցկացնելու արգելքն է, այս իրավիճակում հանրաքվե անցկացնելը խնդրահարուց է, ռիսկային է, քաղաքացիների մասնակցության խնդիր կա, քաղաքական «Աքիլեսյան գարշապար» է դառնում: Քանի դեռ կառավարող ուժը ունի հանրաքվեի խնդիր, ստիպված է լինելու պահել արտակարգ դրություն, որովհետև այս իրավիճակում չի ուզի հանրաքվեի  գնալ՝ թե՛ նեղ քաղաքական հաշվարկների պատճառով, թե՛ հանրային շահի համար, հետևաբար՝ արտակարգ դրությունը պահելու են այնքան, քանի դեռ  իրավական մեխանիզմների հարցը չի լուծվել, որպեսզի հանկարծ հանրաքվե չլինի: Եթե հանրաքվեն չեղարկելու մեխանիզմ ունենան, արտակարգ դրության իրավական ռեժիմից մենք կկարողանանք դուրս գալ:

_Հակասահմանադրական խնդիրներ չե՞ք տեսնում: Խորհրդարանական ընդդիմությունն ասում է՝ ցանկացած պարագայում խորհրդարանին կարող են լիազորություն տալ, որ, օրինակ,  Խորհրդարանական կամ ՏԻՄ  ընտրությունները չեղարկեն:

_ Այո, դա խնդիր է: Ժողովրդին պատկանող բացառիկ իրավունքները չեն կարող այդպես աստիճանաբար խաբելով, իրավիճակային փաստարկներով տարվեն Խորհրդարանին: Մեր քաղաքական ուժը երբ խոսում է Սահմանադրական փոփոխությունների մասին, նաև այս իրավիճակը նկատի ունի: Չի կարող  այնպես լինել, որ մեր բոլորի պայմանավորվածությունները արտահայտող Սահմանադրության մեջ որոշ թվաքանակով մարդիկ, բայց ոչ ժողովուրդը, կարողանան փոփոխություն անել: 

Այդ մտահոգությունը ես ունեի նաև այն ժամանակ, երբ իրենք փորձում էին ՍԴ-ի հարցը ԱԺ-ում լուծել, և հանրաքվեն այդ առումով մենք ողջունեցինք: Հիմա եթե իրենք հետ են գնում այն տարբերակին, որ պառլամենտը սկսելու է այդպիսի համաժողովրդական կարևորության հարցեր որոշել, պետք է պատրաստ լինեն դրա պատասխանատվության բեռի տակից դուրս գալ: Շատ մոտ ապագայում շատ կարևոր է ունենալ Սահմանադրական փոփոխություններ, որոնք կփակեն այդ ձեռնածությունների ճանապարհը, որ  ինչ-որ մարդիկ պահի նպատակահարմարությամբ կամ քաղաքական հաշվարկով կգան, Սահմանադրության մեջ փոփոխություններ կանեն: