Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ոստիկանություն
A A
Հասարակություն

ՃՊԾ տեսուչը չի փնտրել դեպքի վայրը լքած վարորդին․ ծառայողական քննություն՝ «Ա1+»-ի նյութի հետքերով

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը արձագանքել է «Ա1+»-ի՝ դեռևս մեկ ամիս առաջ հրապարակված նյութին, որը վերաբերում է Բագրատաշենի անցակետի մոտ 11.12.2019թ. տեղի ունեցած ճանապարհատրասպորտային մի պատահարի ։

«Ա1+»-ը ապրիլի 27-ին հարցում էր  ուղարկել Ճանապարհային ոստիկանությանը։

«Ձեր 27.04.2020 թ. հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ Բագրատաշենի անցակետի մոտ 11.12.2019թ. տեղի ունեցած ճանապարհատրասպորտային պատահարի փաստով կազմված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ճանապարհային ոստիկանության ՃՊԾ 2-րդ սպայական գումարտակի տեսուչը, իրազեկված լինելով դեպքի վայրը լքած վարորդի մասին, չի իրականացրել վարչական վարույթ և միջոցներ չի ձեռնարկել  «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմոբիլը հայտնաբերելու ուղղությամբ:

Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի կողմից 2020 թվականի մայիսի 26- ին նշանակվել է ծառայողական քննություն։ Արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ»,- ասված է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության գրության մեջ։

Հիշեցնենք, որ քաղաքացի Տիգրան Աբրահամյանը «Ա1+»-ի խմբագրություն էր դիմել, փորձելով այդ կերպ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել  2019թ դեկտեմբերի 11-ին  տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարին, որի հետևանքով վնասվել էր նաև իրեն պատկանող «Մերսեդես Բենց» C դասի  մակնիշի մեքենան։ 

Տիգրան Աբրահամյանը դժգոհել էլ, որ ՃՏՊ-ի վերաբերյալ քննությունը ամիսներ անց  դեռ  չի ավարտվել, ինչը տարօրինակ էր թվացել նրան։

«Ա1+»-ի հետ զրույցում նա կասկածներ էր հայտնել, որ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարը միտումնավոր է կազմակերպվել, որպեսզի իր դիմաց կանգնած «ԳԱԶ-24» մակնիշի մեքենայի պարունակությունը չստուգվի և այն տարածքից հեռանա։  

Երբ մաքսատան աշխատակիցները մոտեցել են «ԳԱԶ-24» մակնիշի մեքենային՝ ստուգելու, այդ պահին «Դեյվո» մակնիշի մեքենան հարվածել է հերթի մեջ սպասող մեքենային  և շղթայական վթար է  տեղի ունեցել։ «Երբ կապոտը բացեցին, ես տեսա, որ մեքենան գազով է աշխատում։ Բենզաբակի փոխարեն մետաղական արկղ կար։ Իրենք հասցրեցին բացել բեռնախցիկն ու այդ ժամանակ խփեցին։ Ու այդ մեքենան չստուգվեց, ուղարկեցին։ Այդտեղ ապրանք կար, շատ թանկարժեք»,-ասել էր նա։

 Ի դեպ, ոստիկանությունը  «Ա1+»-ի  ոչ  բոլոր  հարցերին է  պատասխանել։