Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

 «Հենց բացեցին բեռնախցիկը, խփեցին, ու մեքենան փախցրին»․ քաղաքացին կասկածում է՝ վթարը մաքսակետում կազմակերպված էր (տեսանյութ)

Չորս ամիս է  քաղաքացի Տիգրան Աբրահամյանը փորձում է հասկանալ մի վթարի հանգամանքները։

2019թ․-ի դեկտեմբերի 11-ին Հայաստան վերադառնալիս Բագրատաշենի անցակետում նրան պատկանող «Մերսեդես Բենց» C դասի  մակնիշի մեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել։

 Քննությունը դեռ շարունակվում է, ինչը պարոն Աբրահամյանին տարօրինակ է թվում և բազում հարցեր է առաջացրել։

Նրա խոսքով՝ անցակետում սպասելիս, «Դեյվո» մակնիշի մեքենան, որը Ռուսաստանից ուղևորներ է փոխադրելիս եղել, մեծ արագությամբ հարվածել է մի մեքենայի և շղթայական՝ 6 մեքենայի մասնակցությամբ պատահար է եղել։ Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ իր մեքենան շարքում երկրորդն էր։ 

Պարոն Աբրահամյանը  կասկածներ ունի, որ պատահարը միտումնավոր է կազմակերպվել, որպեսզի իր դիմաց կանգնած «ԳԱԶ-24» մակնիշի մեքենայի պարունակությունը չստուգվի և այն տարածքից հեռանա։ Ըստ նրա՝ մինչ պատահար լինելը, մաքսատան աշխատակիցները մոտեցել են «ԳԱԶ-24» մակնիշի մեքենայի վարորդին, որպեսզի ստուգեն։

Չհասցնելով ստուգել բեռնախցիկի պարունակությունը, հենց այդ պահին «Դեյվո» մակնիշի մեքենան հարվածել է հերթի մեջ սպասող մեքենային  և շղթայական վթար է  տեղի ունեցել․ «Երբ կապոտը բացեցին, ես տեսա, որ մեքենան գազով է աշխատում։ Բենզաբակի փոխարեն մետաղական արկղ կար։ Իրենք հասցրեցին բացել բեռնախցիկն ու այդ ժամանակ խփեցին։ Ու այդ մեքենան չստուգվեց, ուղարկեցին։ Այդտեղ ապրանք կար, շատ թանկարժեք»։

«Դե որ ինձ հետևից խփեցին ես էլ գնացի դիմացիս կանգնած մեքենային խփեցի։ Մեքենայիս թե՛ դիմացը կոտրվեց, թե՛ հետևի մասը։ Հետո եկան (նկատի ունի հարվածող մեքենայի վարորդին,- հեղ․) ու այդ մեքենան փախցրեցին, տարան։ Խոսեցին մաքսատան աշխատողների հետ և  էդ մեքենայի վարորդը թողեց, գնաց»,- շարունակում  է նա։

Ինչո՞ւ են թողել, որպեսզի «ԳԱԶ-24» մակնիշի մեքենայի վարորդը դեպքի վայրը լքի, երբ դեռ ՃՈ-ն չի ժամանել, ընդ որում՝ առանց ստուգումն ավարտին հասցնելու։ Հարցն ամենաշատն է հետաքրքրում Տիգրան Աբրահամյանին, բացի այդ տարօրինակ է եղել հարվածող մեքենայի վարորդի պահվածքը։

«Ինձ ասում է՝  եթե ինչ-որ բան լինի, կգաս Կիրովական, թե Նոյեմբերյան,  կիմանաս՝ ո՞վ  է Թելմանը։ 6 մեքենա են խփել, ջարդել, ոնց որ թքած ունենան։ Փոխարենը անհանգստացած լինեն, էնպես են պահում իրենց, որ հարցերը լուծվող են»,- կիսվեց Տիգրան Աբրահամյանը։

Հարվածող մեքենան ապահովագրված է  «Նաիրի Ինշուրանս» ընկերությունում։ Տիգրան Աբրահամյանը պնդում է, որ կրած վնասն ամբողջությամբ չեն փոխհատուցել։

«Դիմացի մասի համար  ընդհանրապես չեն վճարել, ասում են՝ սխեմայում քո դիմացը մեքենա չկա նկարած, գրված չէ, որ քո մեքենան խփել է այդ մեքենային դրա համար է դիմացի մասը կոտրվել»,- նշեց Տիգրան Աբրահամյանը՝ պնդելով, որ բոլոր տեսաձայնագրություններն ունի, բայց չի կարողանում ապացուցել, որ մեքենայի դիմացի մասի կոտրվածքը այդ վթարի հետևանքով է եղել։

Վթարի գործով զբաղվում է ՃՈ ՃՊԾ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի ՃՏՊ գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման խմբի տեսուչ, ոստիկանության մայոր Հայկ Ապրիկյանը։  

Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ դեպքի վայր ժամանելուն պես, պարոն Ապրիկյանին ցույց է տվել  իր մեքենայի տեսախցիկի ֆիքսած տեսաձայնագրությունները, որում երևում է,  որ իր դիմացը «ԳԱԶ- 24» մակնիշի մեքենան էր կանգնած։

«Ինձ խոստացավ, որ ամեն ինչ կանի, որպեսզի երևա, որ  իմ մեքենան այդտեղ է կոտրվել»,- ասաց պարոն Աբրահամյանը։

Տիգրան Աբրահամյանի հայտարարության հիման վրա, որ իր մեքենայի դիմաց «ԳԱԶ- 24» մակնիշի մեքենա է եղել, Ճանապարհային ոստիկանության ծառայողը դրա մասին վկայող տեղեկանք է տվել։

 «Քննիչը պարտավոր էր հետաքննություն անցկացնել, բայց չի անցկացրել։ Դեկտեմբերի 26-ին  դիմել եմ թե՛ Ճանապարհային ոստիկանություն,  թե՛ Ազգային անվտանգության ծառայություն։ Վերջինից տեղեկանք ունեմ, որ Ճանապարհային ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում, բայց մինչև էսօր պատասխանը չեմ ստացել։ Հասկանում եք ՝ի՞նչ է կատարվում, ամեն ինչի վրա «թքած ունենալ», ինչ ուզում, ոնց ուզում անում են։ Հետաքննիչին զանգում եմ, չի պատասխանում, կամ պատասխանում, ասում է՝ հետո կզանգեմ, ու կապ չի հաստատում»,- ասաց Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ վերջին անգամ նրա հետ  կապ է ունեցել մարտի վերջին։

Աբրահամյանը պնդում է, որ մաքսատան տեսաձայնագրությունները  ժամանակից շուտ ոչնչացրել են։

«Էդ ինչո՞ւ տեսաերիզները էդպես շտապ ոչնչացրեցին։ Ես ժամանակին  դիմում եմ  գրել, մեկ ամիս պետք է պահեին այդ տեսաձայնագրությունները, 20 օր էլ չպահեցին,- ասաց նա,-Իրենք չեն ուզում վկաներին խոսեցնել, Երևանում ինձ հետ հանդիպեց  «կագեբեի» աշխատակիցը, հասկացա, որ ամբողջը կազմակերպված է»։

 Աբրահամյանը նշում է, որ նույնիսկ ձեռքի տակ կտրոն ունի, որը վկայում է, որ մեքենայի նորոգման ծախսը կազմել է 450 000 դրամ, բայց ապահովագրական ընկերությունը վճարել է միայն 90 000 դրամը։

Տիգրան Աբրահամյանն հիմնավոր կասկածներ ունի, թե ինչու չեն  ուզում գործին ընթացք տալ։

«Երբ որ գումարը մեծ է լինում, քան մեղավոր վարորդի մեքենայի ապահովագրության գումարն է, ապահովագրական ընկերությունը  մտնում է դատարան, և այդ գումարը գանձվում է մեղավոր վարորդից։ Այսինքն՝ վարորդի ծախսած ապահովագրության գումարը հանվում է, մնացածը գանձում են այդ  վարորդից։ Չգիտեմ, թե էդ մեքենան ում համար է ուղևորափոխադրումներ անում, բայց իրենք էդպես են որոշել, որ այդ գումարը փոքր լինի։ Դե վարորդը չի տալու, ուղևորափոխադրման տերն է տալու»,-կասկած հայտնելով, որ  նա եղել է  ինչ-որ կարևոր մեկը, որին «կպած» պաշտպանում են։

Ի դեպ, Տիգրան Աբրահամյանը պատրաստվում էր դիմել նաև Ֆինանսական հաշտարարի գրասենյակ, սակայն  կորոնավիրուսով պայմանավորված գործընթացը հետաձգվել է։ Ինքն այս պահին երկրում չէ։

 «Ա1+»-ի հետ զրույցում «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության մարքետինգի և PR բաժնի ղեկավար Անուշ Մարտիրոսյանն ասաց, որ ՃՈ նյութերի և ՃՏՊ սխեմայում արձանագրված է, որ առաջին կանգնածը Տիգրան Աբրահամյանին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան է, իսկ ապահովագրական ընկերությունը հիմնվում է ՃՈ-ի տրամադրած նյութերի հիման վրա և նոր իրականացնում իր գործառույթը։

«Տիգրան Աբրահամյանը մեզ դիմել է, թե ինչո՞ւ ենք միայն մեքենայի հետևի մասի համար փոխհատուցել, ինչին մենք պատասխանել ենք հենց այնպես, ինչպես Ձեզ ներկայացրեցի։ Ամեն ինչ տեղի է ունեցել օրինականության սահմանում, և մեր կողմից որևէ թերացում չկա»,- նշեց Անուշ Մարտիրոսյանը։

«Ա1+»-ը կապ հաստատեց նաև ՃՈ ծառայող Հայկ Ապրիկյանի հետ։ Վերջինս  ասաց, որ մինչև Ոստիկանության  լրատվության վարչությունից չթույլատրեն, ինքն իրավունք չունի խոսել։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Ա1+»-ին փոխանցեցին, որ երկուշաբթի օրը կփորձեն կազմակերպել հարցազրույց։