Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kaparos
A A
Սպորտ

Խոակին Կապառոսը Իսպանիայում հետևել է Հայաստանի առաջնության խաղերին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը միջպետական սահմանների փակ լինելու և համապատասխան չվերթների բացակայության պատճառով  առայժմ չի կարողանում վերադառնալ Հայաստան: Սակայն, ինչպես նշում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, իսպանացի մասնագետը իր տանը մանրամասնորեն հետևում է Հայաստանի հավաքականի բոլոր թեկնածուների ելույթներին: Մասնավորապես՝ նա ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում կիսվել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ մրցափուլից ստացված տպավորություններով: 

«Անկասկած, այդ դադարը հանգեցրել է նրան, որ ֆուտբոլիստներն այժմ չունեն խաղային անհրաժեշտ ռիթմ և մարզավիճակ։ Հենց խաղային ռիթմի և պրակտիկայի բացակայության պատճառով էլ այս պահին ֆուտբոլիստներն այնքան մրցունակ չեն, որքան կարող էին լինել։ Ավելի շատ խաղեր անցկացնելով՝ նրանք ավելի լավ մարզավիճակ ձեռք կբերեն։

Թիմերից ամենաշատը դուր եկավ «Արարատ-Արմենիայի» խաղը, ինչը բնական է, քանի որ նրանք գործող չեմպիոններն են: Նրանք համեմատաբար ամենալավ մարզավիճակում են, բայց ես կցանկանայի, որպեսզի ոչ միայն այդ, այլև մյուս բոլոր թիմերում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղային, որպեսզի ազգային հավաքականի համար ավելի շատ թեկնածուներ ունենայինք։ Ընդհանուր առմամբ, պետք է ավելի շատ խաղեր դիտենք, ցանկալի է՝ անմիջականորեն մարզադաշտից, որպեսզի կարողանանք ավելի լավ պատկերացում կազմել ֆուտբոլիստների խաղամակարդակի վերաբերյալ», - ասել է Խոակին Կապառոսը:

Հավելենք, որ Հայաստանի բարձրագույն խմբի 18-րդ տուրում կայացած 4 հանդիպումներին ներկգրավվել են 44 հայ ֆուտբոլիստ, այսինքն՝ մասնակիցների 34 տոկոսը: Ի դեպ, «Նոայի» մեկնարկային կազմում հայ ֆուտբոլիստ չի եղել, և դա ֆեդերացիայի կողմից ընդունված նոր սահմանափակումից հետո: