Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fide
A A
Սպորտ

ՖԻԴԵ-ն շարունակում է հետաձգել մրցաշարերը

Շախմատի մինչև 14, 16 և 18 տարեկանների 2020թ աշխարհի առաջնությունը, որը պետք է կայանա Ռումինիայի Մամայա քաղաքում. սեպտեմբերի 7-20-ը, հետաձգվել է անորոշ ժամանակով։ Այդ մասին հայտնում է շախմատի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

«ՖԻԴԵ-ի խորհուրդը ստացել և պատշաճ կերպով քննարկել է 2020 թվականի շախմատի աշխարհի պատանեկան առաջնության կազմակերպիչների խնդրանքը:Քանի որ COVID-19 համաճարակի պատճառով աշխարհում դեռևս անորոշ իրավիճակ է, որոշվել է հետաձգել առաջնությունը և անցկացնել ավելի ուշ ժամանակ», - ասված է ՖԻԴԵ-ի հայտարարության մեջ:

Առաջնության նոր ժամկետը կհայտարարվի մրցումների մեկնարկից չորս ամիս առաջ: ՖԻԴԵ-ն այն դեռ պետք է համաձայնեցնի Ռումինիայի կառավարության հետ:

Հիշեցնենք, որ շախմատի միջազգային ֆեդերացիան հետաձգել է նաև շախմատի օլիմպիադան, որը պետք է կայանար օգոստոսի 5-17-ը, Մոսկվայում: Այն նախատեսվել է անցկացնել 2021 թվականին, նույն ժամկետում: 

Միջազգային ֆեդերեցիան նաև հարցում է ուղարկել Բելառուսի շախմատի ֆեդերացիային՝ պարզելու, արդյոք երկրի իշխանությունը պատրաստ է անցկացնելու 2022 թվականին Մինսկում նախատեսված շախմատի օլիմպիադան: Բացասական պատասխանի դեպքում ՖԻԴԵ-ն կհայտարարի հայտերի նոր ընդունելության մասին: