Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-HgigK632h0
A A
Հասարակություն

Ինչո՞ւ Տնտեսագիտական համալսարանում դեռեւս ռեկտորի ընտրություններ չեն անցկացվում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի հրաժարականից մոտ երկու տարի է անցել, սակայն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը դեռևս ղեկավարվում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարներով։

Հիշեցնենք՝ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին ռեկտորի պաշտոնակատար էր նշանակվել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ  Ռուբեն Հայրապետյանը, որը մոտ 1 տարի անց՝ 2019 թվականի օգոստոսի 21-ին, հեռացել էր զբաղեցրած պաշտոնից։

Իսկ հաջորդ օրը՝ օգոստոսի 22-ին, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Հայրապետյանի օրոք ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր աշխատած, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը։

Մինչ օրս ՀՊՏՀ-ում ռեկտորի ընտրության մրցույթ չի հայտարարվել։  

«Ա1+»-ը ՀՊՏՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գոհար Գևորգյանից  հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ դեռևս չեն նշանակվում ռեկտորի ընտրությունները, ե՞րբ է նախատեսված ընտրությունների նշանակումը, ե՞րբ է ավարտվում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանի լիազորությունների ժամկետը։

Համալսարանից պատասխանել են, որ ՀՊՏՀ-ն ունի պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ, և ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն՝ ռեկտորի թափուր պաշտոնի համար կազմակերպվող մրցույթի հայտարարությունը տրվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից։ 

«Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ ներկա արտակարգ դրության պայմաններում ուսումնական հաստատությունների գործունեությունը կազմակերպվում է բացառապես հեռավար։ Ինչ վերաբերում է Դ Գալոյանի լիազորությունների ժամկետին, ապա համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 22082019թ թիվ 102-Ա/1 հրամանի՝ Դ Գալոյանը նշանակվել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար՝ մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը»,- նշված է պատասխանի մեջ։

«Ա1+»-ը ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանից հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ անց չեն կացվում ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունները։

Մեզ պատախանել են 2020 թվականի մարտի 16-ից  հայտարարված արտակարգ դրության երկարաձգման պատճառով քայլեր չեն ձեռնարկվում, սակայն հաշվի առնելով այն, որ ստեղծված իրավիճակը կարող է շարունակվել, նախարարությունը պատրաստվում է պարետատան հետ  համատեղ քննարկել և գտնել այնպիսի լուծումներ, որ բուհի զարգացումն ու բնականոն գործունեությունը չխաթարվի։

Նշենք, որ ՀՊՏՀ կանոնադրության համաձայն՝ ռեկտորին ընտրում է համալսարանի խորհուրդը։ Ռեկտորի ընտրությունները կատարվում են բաց մրցույթի կարգով` համալսարանի խորհրդում փակ գաղտնի քվեարկությամբ, խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը (ՀՀ կառավարություն)։