Կրկեսն առանց կենդանիների․ Երեւանի կրկեսի տնօրենին զարմացնում է բնապահպանների նախաձեռնությունը
Աջակցիր «Ա1+»-ինԲնապահպաններ Արսեն Գասպարյանի և Արևիկ Մկրտչյանը change.org կայքում սկսել են «Հայաստանի կրկեսն առանց կենդանիների» ստորագրահավաքը: Նպատակն է դեռևս չվերաբացված երեւանյան կրկեսը տեսնել առանց պարող, կրակի միջով թռչող և այլ հնարքներ ցուցադրող վայրի կենդանիների։
Ներկայումս քննարկման է դրված «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, եւ նախաձեռնութան հեղինակներն ուզում են այնտեղ ամրագրել այդ արգելող դրույթը։
«Մենք Շրջակա միջավայրի նախարարության հետ ունեցել ենք առցանց քննարկում, որտեղ ես և իմ գործընկերները բարձրացրել ենք կրկեսում կենդանիների շահագործման հարցը, որը նախարարության ներկայացուցիչների կողմից դրական վերաբերմունքի արժանացավ: Եվ մենք որոշեցինք սկսել ստորագրահավաք, քանի որ սա նաև հանրությանն ուղիղ առնչվող հարց է, և հարկավոր է ցույց տալ, որ միայն Արսեն Գասպարյանը կամ Արևիկ Մկրտչյանը չէ, որ մտահոգ են»,-ասում է Արսեն Գասպարյանը:
Բացի առաջարկից նրանք նաև գիտական հետազոտություններ և հիմնավորումներ են ներկայացրել նախարարությանը, և կենդանիների օգտագործման արգելքի դեպքում Հայաստանը հետխորհրդային երկրների շարքում կլինի առաջիններից, որը կունենա նման օրենք։
«Տեխնոլոգիաները զարգանում են, կարելի է կենդանիների փոխարեն ցուցադրել նոր անիմացիոն և այլ համարներ, սրանից նաև տնտեսական կողմը չի տուժի, իսկ կենդանիները չեն պահվի իրենց բնական կենսակերպին անհամապատասխան պայմաններում՝ ձեռք բերելով լուրջ վարքագծային փոփոխություններ: Վարժեցման ընթացքում էլ չեն ենթարկվի անմարդկային վերաբերմունքի»,-ասում է Արսեն Գասպարյանը: Երկու օրվա ընթացքում 1500-ից ավելի մարդ է ստորագրել։
Երևանի կրկեսի նոր շենքը դեռևս կառուցման փուլում է,ամենայն հավանականությամբ տարեվերջին այն պատրաստ կլինի ընդունելու հանդիսատեսին: Աշխատանքներն արդեն տեւում են ինը տարի։
«Ա1+»-ի հետ զրույցում գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյաննն ասում է՝ կրկեսն այս պահին ակտիվ նախապատրաստական աշխատանքների մեջ է, ծրագրում վայրի կենդանիների մասնակցությամբ համարներ նույնպես կան, նախկինում ևս եղել են, մասնավորապես արջի, կապիկի և ուղտերի մասնակցությամբ:
«Կենդանավարժությունը կրկեսի ամենագեղեցիկ և հիմնական ժանրերից է: Էն ժամանակ, երբ կրկեսը դեռ չէր քանդվել, երեխաները ինձ ասում էին՝ կենդանի կա՞, որ ասում էի ՝ հա, նոր գնում էին տոմսը: Պատկերացնու՞մ եք, ասենք, Մոսկվայի «Նիկուլին» կամ «Զապաշնի» կրկեսը առանց կենդանիների՝ չի լինի, մարդիկ չեն գա, մի քանի օր կգան՝ էլ չեն գա»,-ասում է Սոս Պետրոսյանը:
Նրա համոզմամբ՝ եթե նույնիսկ սկզբում մարդիկ, առաջնորդվելով էմոցիաներով, հրաժարվեն վայրի կենդանիներից, ապա հետո հասկանալու են, որ առանց կենդանիների կրկեսն այն չէ:
Ավելի քան 100 երկիր արգելել կամ սահմանափակել է կրկեսում կենդանիների շահագործումը, դրանց թվում են՝ Ավստրիան, Խորվաթիան, Հունաստանը, Իռլանդիան, Իտալիան, Շոտլանդիան, Հնդկաստանը և հարևան Իրանը:
« Իրա՞նը։ Իրանը նույնիսկ կրկես չունի: 20 տարի առաջ էնտեղ հյուրախաղերի եմ եղել, ո’չ շենք ունեն, ո’չ կրկեսային արվեստ, էլ ուր մնաց կենդանի ունենան»,-ասում է նա։
Հարցին՝ օրենքի ընդունման դեպքում ինքը որևէ կերպ կհակադարձի, պատասխանում է՝ ոչ. «Կանենք էնպես, ինչպես ժողովուրդն է ուզում, մենք կարող ենք աշխատել և՛ կենդանիներով, և՛ առանց կենդանիների»: