Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-ESUZ3xkL1Z
A A
Պաշտոնական

Մասնագիտական ուսուցման դասընթացները՝ ՔԿՀ-ներում

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հկ-ն «Ազատազրկված անձանց վերասոցիալականացման հիմնախնդիրները ՀՀ-ում» հետազոտության շրջանակներում ուսումնասիրել է ազատազրկված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման բացերը:
 
 
 
Ազատազրկված անձանց մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացմանը, անձնական աճին, հետագայում նաև՝ վերասոցիալականացմանը և հասարակության մեջ վերաինտեգրվելուն նպաստում են նաև մասնագիտական ուսուցման դասընթացները:
 
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Իրավախախտոմ կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագիրն ուղղված է դատապարտյալների համար գեղագիտական և կրթական դասընթացների իրականացմանը, որոնք ոչ միայն ապահովում են դատապարտյալների զբաղվածությունը, այլև օգնում են ձեռք բերել այնպիսի մասնագիտական հմտություններ, որոնք կարող են նպաստել հասարակության մեջ ինտեգրմանը և աշխատանք ձեռք բերելուն: Ծրագրի շրջանակներում իրականացվում են հետևյալ դասընթացները՝
 
·         Բիզնես գրագիտություն,
 
·         Հայոց լեզու և գրականություն,
 
·         Անգլերեն լեզու,
 
·         Դեկորատիվ կիրառական արվեստ (վիտրաժ, գծանկար, բատիկա, մանրանկարչություն, զարդակիրառական արվեստ, խեցեգործություն),
 
·         Համակարգչային հմտություններ:
 
 
 
ՀՀ արդարադատության նախարարի 2018թ. հունվարի 22-ի թիվ 12-Ա հրամանով հաստատվել է «Իրավախախտոմ կատարած անձանց 2018թ. գեղագիտական դաստիարակության և կրթության դասախոսությունների և գործնական պարապմունքների» ծրագիրը, որի շրջանակներում կենտրոնը նշված ժամանակահատվածում դասընթացներ է իրականացրել «Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-ներում: «Աբովյան» ՔԿՀ-ից դասընթացներին մասնակցել են 7 ազատազրկված անչափահաս անձ և 47 կին դատապարտյալ, «Արմավիր» ՔԿՀ-ից՝ 32 դատապարտյալ:
 
 
 
ՊՈԱԿ-ը 2019թ. «Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-ներում դասընթացներ է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարի 2019թ. փետրվարի 5-ի թիվ 32-Ա հրամանով հաստատված «Իրավախախտոմ կատարած անձանց 2019թ. գեղագիտական դաստիարակության և կրթության դասախոսությունների և գործնական պարապմունքների» ծրագրով: «Աբովյան» ՔԿՀ-ից դասընթացներին մասնակցել են 63 ազատազրկված կին, «Արմավիր» ՔԿՀ-ից՝ 98 ազատազրկված անձ:
 
 
 
Ըստ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության տրամադրած տեղեկատվության՝ մասնագիտական ուսուցման դասընթացներ կազմակերպվում են նաև հասարակական կազմակերպությունների կողմից:
 
 
 
Այսպես, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հկ-ն «Աբովյան» ՔԿՀ-ում իրականացրել է «Վերականգնողական արդյունավետության և թափանցիկության մշակույթի հիմնում» ծրագիրը, որի շրջանակներում անցկացվել են անգլերենի, համակարգչային հմտությունների, ֆիտնեսի, յոգայի, վարսահարդարման և խոհարարական հմտությունների դասընթացներ:
 
 
 
Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ «Աբովյան» ՔԿՀ-ում բացվել է ձեռքի աշխատանքների (հելունագործություն, գորգագործություն) ակումբ: Նշված դասընթացներին մասնակցել են ազատազրկված կանանց և անչափահասների մեծ մասը:
 
 
 
Ինչպես տեսնում ենք, ազատազրկված անձանց մասնագիտական ուսուցումը կազմակերպելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են, սակայն նշված դասընթացները 12 քրեակատարողական հիմնարկներից միայն 2-ում՝ «Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-ներում են կազմակերպվում (2019թ. 1-ին կիսամյակի դրությամբ)։
 
 
 
Ճիշտ է, «Աբովյան» ՔԿՀ-ում ընձեռված հնարավորությունից օգտվում են ազատազրկված կանայք և անչափահասները, իսկ «Արմավիր» ՔԿՀ-ում՝ նաև ցմահ և օտարերկրացի դատապարտյալները, սակայն անհրաժեշտ է հավասար մոտեցում ցուցաբերել այդ դասընթացները բոլոր հիմնարկներում իրականացնելու և բոլոր ազատազրկված անձանց հասանելի դարձնելու հարցում:
 
 
 
Ոլորտը կարգավորող օրենսդրության և վիճակագրական տվյալների վերլուծության արդյունքում վեր են հանվել մի շարք այլ խնդիրներ ևս։
 
Այսպես, պարզվել է, որ քրեակատարողական հիմնարկների կողմից իրականացվում է յուրաքանչյուր դասընթացի մասնակիցների թվային տվյալների հաշվառում: Խորքային գնահատում չի կատարվում՝ ուսումնասիրելու համար, թե այդ դասընթացները ինչպես են նպաստում դատապարտյալների վարքի ուղղմանը, ազատազրկման բացասական հետևանքները վերացնելուն կամ ազատազրկված անձանց հետագա վերաինտեգրմանը։
 
 
 
Մտահոգության տեղիք է տալիս այն, որ մասնագիտական ուսուցման դասընթացները պարբերական և շարունակական բնույթ չեն կրում: Հասարակական կազմակերպությունները դասընթացները կազմակերպում են դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում, որոնց ավարտից հետո համապատասխան ֆինանսավորում չեն ունենում դրանց պարբերականությունը և շարունակականությունն ապահովելու համար:
 
 
 
Մյուս կողմից էլ ազատազրկված անձինք չեն կարող մեկ հիմնարկում սկսած մասնագիտական ուսուցումը շարունակել այլ հիմնարկում, քանի որ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն»-ի կողմից դասընթացները միայն 2 հիմնարկում են կազմակերպվում (2019թ. 1-ին կիսամյակի դրությամբ)։ Այսինքն՝ ինչպես ազատազրկվելուց, այնպես էլ մեկ հիմնարկից մեկ այլ հիմնարկ տեղափոխվելուց հետո անձը զրկվում է մասնագիտական ուսուցում ստանալու հնարավորությունից։
 
 
 
«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է, որ ազատազրկման ձևով պատիժ կրող այն անձինք, որոնց պատժի կրման ավարտին մնացել է մինչև 6 ամիս, և որոնք, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել են զբաղվածության տարածքային կենտրոններում, իրավունք ունեն ընդգրկվելու մասնագիտական ուսուցման ծրագրերում:
 
 
 
Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը նշված դատապարտյալներին տեղեկացնում է մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկվելու հնարավորության մասին և ներկայացնում «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով նախատեսված մասնագիտական ուսուցման ծրագրերը: Ընդգրկվելու ցանկություն հայտնելու դեպքում դատապարտյալների տվյալները փոխանցվում են զբաղվածության պետական գործակալությանը:
 
 
 
Ըստ զբաղվածության պետական գործակալության տրամադրած տվյալների՝ 2018թ. դատապարտյալները ցանկություն են հայտնել մասնակցել ավտոփականագործ, ծեփագործ, փայտամշակում, կոշկակարություն, խոհարարություն, դիմահարդարում, ավտոէլեկտրիկ, ոսկերիչ մասնագիտություններով ուսուցման դասընթացների: Եղել են նաև անձինք, ովքեր ցանկացել են մասնագիտանալ որպես ինժեներ-տեխնոլոգներ և մանկավարժներ:
 
 
 
Մասնագիտական ուսուցումն իրականացվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգով ընտրված կազմակերպության կողմից և այն մասնագիտությունների գծով, որոնք կարող են ենթադրել կարճաժամկետ դասընթացներ:
 
 
 
Սահմանված ընթացակարգի համաձայն՝ զբաղվածության պետական գործակալությունը կազմակերպել է մասնագիտական ուսուցման ծառայությունների գնման գործընթացի իրականացումը հաշվապահ, փայտյա գեղարվեստական իրեր պատրաստող, ծեփագործ, ավտոփականագործ, համակարգչային օպերատոր, կոշկակար, խոհարար, դիմահարդար, տեխնիկ-մեխանիկ, խառատ և կահույքագործ մասնագիտությունների գծով:
 
 
 
Գնման ներկայացված հայտում ընդգրկվել է 29 անձ, որից 13-ը՝ «Կոշ», 7-ը՝ «Հրազդան», 4-ը՝ «Աբովյան», 3-ը՝ «Արմավիր» և 2-ը՝ «Գորիս» ՔԿՀ-ներից: Սակայն նշված շահառուների մասնագիտական ուսուցումը տվյալ ժամանակահատվածում չի իրականացվել, քանի որ գնման գործընթացին ուսուցման ծառայություններ մառուցող որևէ կազմակերպություն չի մասնակցել:
 
 
 
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ զբաղվածության պետական գործակալությունը 2019թ. համապատասխան առաջարկություն է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ առաջարկելով սահմանել ուսուցման կազմակերպման այլ ընթացակարգ, ինչը, նախարարության փոխանցմամբ, դեռևս քննարկման փուլում է:
 
 
 
Այսպիսով, վերը ներկայացված վիճակագրական տվյալները և վեր հանված խնդիրները թույլ են տալիս եզրակացնելու, որ կալանավորված անձանց մասնագիտական ուսուցման իրավունքի ապահովման հարցն օրենքով կարգավորված չէ ինչպես ազատազրկման ընթացքում, այնպես էլ ազատվելուց հետո։ Մյուս կողմից էլ դատապարտյալների՝ նույն իրավունքի ապահովման համար ստեղծված հնարավորությունները դեռևս բավարար չեն նրանց արդյունավետ վերասոցիալականացմանը և վերաինտեգրմանը նպաստելու տեսանկյունից:
 
 
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան հկ