Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մոտ 350 բուժաշխատող այսօր վարակված է․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)

ՀՀ  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը առցանց ձևաչափով մասնակցում է Հանրային խորհրդի նիստին: Քննարկման ընթացում նախարարը հայտնեց՝ այս պահին ունենք ինտենսիվ թերապիայի 202 մահճակալ մոբիլիզացված հիվանդանոցներում, որից զբաղծաված է 152-ը:

Շեշտեց, որ մահճակալները զբաղեցվում են շատ արագ, ազատվում շատ դանդաղ, սա նշանակում է, որ մոբիլիզացված ռեսուրսները ինչ-որ ժամանակ, հնարավոր է, չբավականացնեն, այս դեպքում առողջապահական ամբողջ համակարգն ընդգրկվելու է վիրուսի դեմ պայքարի գործում, ինչը, նախարարի խոսքով, խիստ անցանկալի սցենար է.

«Դա կարող է լինել անխուսափելի, ինչպես շատ երկրներում, եթե մենք շարունակաբար ունենանք բարձր թվեր: Սա ստիպված քայլ կլինի, և իր հետ կբերի վատ սցենարներ բուժաշխատողների վարակվածության առումով, քանի որ նրանք անխուսափելիորեն վարակվելու են: Մոտ 350 բուժաշխատող այսօր վարակված է»:

Նախարարը շեշտում է՝ այս սցենարը մեկ այլ բացասական հետևանք ևս կարող է ունենալ՝ այլ հիվանդություններից բուժվող քրոնիկ հիվանդները հնարավոր է ներհիվանդանոցային վարակի տարածման հետևանքով տուժեն՝ նրանց առանց այն էլ վատ վիճակը կվաթարանա:

Այսօրվանից ասիմպտոմ դեպքերը մեկուսացումից անցում են ինքնամեկուսացման, Արսեն Թորոսյանն ասում է՝ սա համակարգից ուժերի կրկնակի գերլարում է պահանջում:

Մեկուսացումով հնարավոր է եղել մոտ հազար քաղաքացուց տարածվող վարակի աղբյուրը զսպել, սակայն այսուհետ  հիմնական գործիքը լինելու է ինքնամեկուսացումը:

«Հայտնի չէ՝  երբ է այս ամենը վերջանալու, մենք պետք է շատ երկար պատրաստ լինենք վարակի տարածման օղակները կոտրելուն այնքան երկար, քանի դեռ բոլորը չեն վարակվել ու լավացել, իհարկե, անխուսափելի մահերով, կամ չունենք ուղիղ ազդող դեղամիջոց, որը, դժբախտաբար, նույնիսկ հորիզոնում չի երևում, կամ պատվաստանյութ, որը կլինի փրկություն, բայց հույսերը էլի շատ փոքր են»:

Թորոսյանը շեշտեց՝ մի քանի ամսից լավ չի լինելու, կարող է լինել հարաբերականորեն լավ կամ վատ:

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում և Վրաստանում վարակի տարածման տեմպի տարբերությունը, Թորոսյանը չժխտեց, որ Վրաստանում մինչ օրս  սահմանփակող միջոցառումները շատ խիստ և ավելի լավ են իրականացվում, միևնույն ժամանակ ընդգծեց՝ կա նաև մեթոդաբանության խնդիր.

«Վրաստանի առողջապահական համակարգը, հակահամաճարակային համակարգը էականորեն տարբերվում է մեր համակարգից, մեր համակարգը ավելի ուժեղ է, քան հարևան Վրաստանինը, սա մասնագիտական մակարդակի փաստ է, երկրորդը՝ այո կա մեթոդաբնության տարբերություն այն քաղաքացիների դեպքում, որոնք թեստավորվում են ընդհանրապես, կան նաև տարբերություն այն թեստերի, որոնք նրանք հաշվարկում են որպես թեստ: Հնարավոր է , որ Վրաստանում արված 40.000 թեստերի մի մասը լինեն արագ թեստեր, որը մենք չենք օգտագործում»:

Նախարարը շեշտեց՝ բոլորի մոտ անորոշությունները շատ ցածր են այս հիվանդության հետ կապված:

Չբացառեց, որ հնարավոր է գնանք վարակված անձանց խորը սորտավորման ճանապարհով.

«Օրինակ՝ խորը սորտավորումը նաև պատերազմի ժամանակ է արվում, երբ այն պացիենտներին են հիմնականում վերցնում բուժման, որոնք, որ փրկվելու շանս ունեն և հակառակը: Չի բացառվում, որ նույնիսկ այս տեմպի պահպանման ժամանակ  մենք մոտ օրերս դրան գնանք, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ դրան չգնանք: Կարիքը կլինի թվերի աճի դեպքում»:

Դիմակների մասին նախարարն ասաց՝ փորձը ցույց է տալիս, որ դիմակների համատարած կրումը նվազեցնում է վարակի տարածման տեմպը: