Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Աշխարհի քառակի չեմպիոն Զինաիդա Սիմոնյանն այսօր կլիներ 70 տարեկան

Հրաձգության համաշխարհային աստղերից մեկը՝  Զինաիդա Սիմոնյանը, այսօր կդառնար 70 տարեկան։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Զինաիդա Սիմոնյանը ծնվել է 1950 թվականի մայիսի 20-ին, Երևանում` Անաստասիա Չերկաշինայի և Ստեփան Զոլոտնիկովի ընտանիքում, որոնք 1948 թվականին Ռուսաստանից ժամանել էին Հայաստան` մարմարի գործարանում աշխատելու նպատակով։

Հրաձգությամբ սկսել է զբաղվել 1965 թվականից՝ Նիկոլայ Ղազարովի ղեկավարությամբ։ 1969թ մարզվել է Յուրի Սիմոնյանի մոտ, որի հետ հետագայում (1972 թվականին) ամուսնացել է և վերցրել նրա ազգանունը։

Զինաիդա Սիմոնյանը աշխարհի քառակի, Եվրոպայի 16-ակի (3 անգամ՝ բաձարձակ – հեղ.), ԽՍՀՄ 34-ակի չեմպիոն է, սահմանել է 60-ից ավելի ռեկորդներ։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է (1975թ)։

Նա չի մասնակցել օլիմպիական խաղերի, քանի որ կանանց հրաձգությունը ընդգրկվել է ընդամենը 1984թ խաղերին, որը խորհրդային մարզիկները բոյկոտել էին քաղաքական նպատակներով: 

1985 թվականին նա ավարտել է մարզական կարիերան։ 1986-1989թթ աշխատել է ՀԽՍՀ ԴՕՍԱԱՖ-ում՝ որպես ավագ մարզիչ։ 1996-2008թթ եղել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի ուսումնական մասի վարիչը, իսկ 2008-ից՝ տնօրենը։ 2003թ-ից եղել է Հայաստանի Օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի անդամ։ Մահացել է 2012 թվականի մարտի 24-ին, Երևանում։