Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-737aghaWHk
A A
Պաշտոնական

Ինչո՞ւ չի ձևավորվում ԵՊՀ Հոգաբարձուների նոր խորհուրդը, և չի ընտրվում նոր ռեկտոր

ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի լիազորություններն ապրիլի 1-ով ավարտվել են, և հայտնի չէ՝ ինչ է լինելու։ Այդ մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։

Նշենք, որ այս տարվա մարտի 23-ին պետք է տեղի ունենային Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունները։  Սակայն մարտի 17-ին հայտարարվեց, որ մարտի 23-ին նախատեսված ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստի չեղարկվում է պայմանավորված ՀՀ կառավարության՝ ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ: Նիստի ժամանակ պետք է ընտրվեր ԵՊՀ ռեկտորը։

 «40-օրյա ժամկետում նոր խորհուրդ պետք է ձևավորվեր, բայց դեռևս ձևավորված չէ։ Համալսարանն այլևս Հոգաբարձուների խորհուրդ չունի»,- ասում է ԵՊՀ խոսնակը։

Էմին-Տերյանի խոսքերով՝ քանի որ չի ձևավորվել, արդեն տեղի է ունեցել ԵՊՀ կանոնադրության խախտում, որովհետև 40-օրյա ժամկետը չի պահվել, իսկ նոր խորհուրդը պետք է հաստատվի վարչապետի հրամանով։ Հարցին՝ ով է ձևավորման պատասխանատուն, Էմին-Տերյանը պատասխանեց, որ ԿԳՄՍ նախարարությունը, որովհետև լիազոր մարմինն է։ 

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանից հետաքրքրվեցինք, թե ե՞րբ է նախատեսված ռեկտորի ընտրությունների նշանակումը և Հոգաբարձուների խորհրդի ձևավորումը։ «Չգիտեմ։ Հոգաբարձուների խորհուրդ պետք է լինի, երբ կլինի, չգիտեմ։ Դա կառավարությունն է որոշում»,- պատասխանեց Գևորգյանը։

«Ա1+»-ը մեկնաբանության համար կապ հաստատեց նաև ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանի հետ։ Հարցրինք, թե ինչո՞ւ չի ձևավորվում Հոգաբարձուների խորհուրդը, ե՞րբ է նախատեսված, ե՞րբ են նախատեսված ԵՊՀ ռեկտորի ընտրությունները։ Նախարարությանը ներկայացրել էինք նաև ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանի մեկնաբանությունը;

Ի պատասխան մեր հարցմանը՝ ԿԳՄՍՆ-ից պատասխանել են «ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի գործունեության ժամկետն ավարտվել է մարտի 30-ին, բայց քանի որ մարտի 16-ից  արտակարգ դրության ռեժիմում ենք, և այն արդեն երկու անգամ երկարաձգվել է, դրա պատճառով քայլեր  չեն ձեռնարկվում։ Բայց հաշվի առնելով այն, որ ստեղծված իրավիճակը կարող է շարունակվել, մենք պատրաստվում ենք պարետատան հետ  համատեղ քննարկել և գտնել այնպիսի լուծումներ, որ բուհի զարգացումն ու բնականոն գործունեությունը չխաթարվի»։

Հոգաբարձուների վերջին խորհրդի անդամ, ԵՊՀ Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոն վարրիչ Արթուր Վաղարշյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խորհրդի ձևավորման պրոցեսի նախաձեռնողը կառավարությունն է «Կառավարությունն է ձեռնարկում ձեւավորման պրոցեսը։ Գրություն է ուղարկում յուրաքանչյուր սուբյեկտի՝ ասելով «տվեք ձեր թեկնածուներին»»։ 

Ըստ Վաղարշյանի՝ Հոգաբարձուների խորհրդի ձևավորումը պարետային ժամի կամ արտակարգ դրության հետ որևէ կապ չունի, որովհետև հավաքվելու կարիք չկա, քննարկման կարիք չկա, լիազոր մարմինն ընդամենը գրություն է ուղարկում համալսարանին, լիազոր մարմնին, կառավարությանն առանձին, և յուրքանչյուրն իր ներկայացուցիչներին ներկայացնում է, կառավարությունն էլ որոշում է ընդունում խորհուրդը ձևավորելու մասին։ 

«Արտակարգ դրությունը չի խոչընդոտում օրենսդիր գործունեությանը, նույն պարետը որոշումներ է ստորագրում։ Հոգաբարձուների խորհրդի ձևավորմանը որևէ իրավական խոչընդոտ չկա ո՛չ արտակարգ դրության, ո՛չ էլ պարետային ժամի կամ էլ կարանտինի տեսանկյունից»,- եզրափակեց իրավաբանը։

Նշենք, որ ԵՊՀ կառավարման մարմինները երկուսն են՝ Հոգաբարձուների խորհուրդը և ռեկտորը։

ԵՊՀ կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է (բաղկացած է 32 հոգուց)։

Հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի, սովորողների, հիմնադրի և լիազոր մարմնի ներկայացուցիչներից (խորհրդում յուրաքանչյուրից ընդգրկվում է 8 հոգի): Հոգաբարձուների խորհրդի անդամների թեկնածությունը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է վարչապետը:

Ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ հոգաբարձուների խորհրդի նիստում։ Որպես ռեկտորի թեկնածուներ առաջադրվել էին ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչ Պավել Սամվելի Գևորգյանը, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Աշոտ Սաղյանը։

Նշենք, որ ներկայումս ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը Գեղամ Գևորգյանն է, որն ընտրվել է 2019 թվականի մայիսի 30-ին, իսկ ընտրված վերջին ռեկտորը եղել է Արամ Սիմոնյանը, որը հրաժարական էր տվել նույն տարվա մայիսի 23-ին։ Իսկ ԵՊՀ ՀԽ վերջին նախագահը եղել է Գևորգ Մուրադյանը։