Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեղամ Գևորգյանն ընտրվեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշոնակատար (տեսանյութ)

Քաղաքականություն
Gexam grigoryan

ԵՊՀ-ում գումարվել է հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որը պայմանավորված է Արամ Սիմոնյանի հրաժարականով։ Նախ, նիստի ընթացքում անդամները քվեարկեցին Արամ Սիմոնյանի լիազորությունները դադարեցնելու համար. 30 կողմ, 1 ձեռնպահ ձայներով Արամ Սիմոնյանի լիազորությունները համարեցին դադարեցված։

Քվեարկության դրվեց «դոկտոր պրոֆեսոր, և ունենա կառավարման երեք տարվա փորձ»-ի սկզբունքը ռեկտորի ԺՊ-ի ընտրության հարցում, որը 21 կողմ ձայնով ընդունվեց։

Առաջարկվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի, Մաթեմատիկական անալիզի և ֆուկցիաների տեսության ամբիոնի դասախոս, ԵՊՀ նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանի թեկնածությունը։

Իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Վաղարշյանն առաջարկեց ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր Վահե Հովհաննիսյանի թեկնածությունը։

Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի Անգլերենի թիվ 1 ամբիոնի վարիչ Մարգարիտա Ապրեսյան ն կարևորեց երիտասարդ ղեկավարի անհրաժեշտությունը և կողմ արտահայտվեց Վահե Հովհաննիսյանին ԺՊ ռեկտորի պաշտոնում ընտրելուն։

Իր հերթին ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը պաշտպանեց Գեղամ Գեւորգյանի թեկանուծությունը՝ կարևորելով երկարամյա փորձը։

Սոցիոլոգիայի ֆակուլտետի Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանն իր ելույթում նշեց, որ եթե քվեարկությունը բաց լինի, ապա դրանով խախտվում է մարդու ազատ քվեարկելու իրավունքը։ Ի պատասխան այս պնդմանը Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանն ասաց, որ ԵՊՀ կանոնակարգին է պահանջում քվեարկությունը բաց անցկացնել։

Գեղամ Գևորգյանն ընտրվեց։

 

Նորանշանակ ռեկտորի մասին ստացանք պաշտոնական տեղեկատվություն, որը ներկայացնում ենք ստորև.

 

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ հոգաբարձուների 
խորհրդի նիստը՝ օրակարգային 2 հարցով:

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի թիվ 11 
նիստի օրակարգում ընդգրկված էր 2 հարց, որոնցից երկրորդը վերաբերում էր 
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ժամանակավոր 
պաշտոնակատարի նշանակմանը:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից առաջադրվեց երկու թեկնածու՝ ԵՊՀ գիտական 
քաղաքականության և միջազգային համագործակցության գծով նախկին պրոռեկտոր, 
ԵՊՀ մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ 
ԳԱԱ ակադեմիկոս Գեղամ Գևորգյանը և ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի 
վարիչ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը:

Հոգաբարձուների խորհրդի անդամները հանդես եկան ելույթներով՝ արտահայտելով 
իրենց դիրքորոշումները: Ելույթով հանդես եկան նաև ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր 
պաշտոնակատարի թեկնածուները:

Գեղամ Գևորգյանն իր ելույթում ասաց, որ ցավալի է, որ իր անունը վերջին 
շրջանում կապվել է քաղաքական իրադարձությունների, հեղափոխության կամ 
հակահեղափոխության հետ. «Ես տարիներ շարունակ աշխատել և ծառայել եմ 
գիտությանն ու կրթությանը: Ես չեմ ամաչում այն կադրերից, որ հիմա 
շրջանառվում են համացանցում, որտեղ երևում է, թե ինչպես եմ համալսարանում 
դիմավորել Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Արայիկ Հարությունյանին: 
Ինձ համար ցավալի է, որ դրանց մասին դատողություն են անում այն մարդիկ, 
որոնք, այդ երկու դռների հետևում նստած, դողում էին և չգիտեին՝ ինչ անեին»:

Գեղամ Գևորգյանը փաստեց, որ այս պահին անտրամաբանական է խոսել ծրագրային 
դրույթների մասին այն պարագայում, երբ երեք ամսվա ընթացքում լինելու են 
քննաշրջան և արձակուրդ, ապա համալսարանի 100-ամյակին նվիրված 
միջոցառումներ. «Թե ինչպիսի վարչական աշխատող եմ եղել ես, 
համալսարանականները գիտեն, ովքեր էլ չգիտեն, այս ընթացքում կարող էին 
հետաքրքրվել: Այս նույն ամբիոնից ես դեռ երկու տարի առաջ խոսել եմ 
համալսարանում բարեփոխումների անհրաժեշտության մասին, որն անհետևանք մնաց: 
Երբ լինեն ԵՊՀ ռեկտորի ընտրությունները, ես հանդես կգամ ծրագրային 
ելույթով, որը կքննարկվի և կամ կհաստատվի, կամ չի հաստատվի»:

Վահե Հովհաննիսյանն ասաց, որ հեռանկարային ծրագրերի մասին խոսելը դեռ շատ 
վաղ է, իսկ կարճաժամկետ ծրագրերի մասին խոսելով՝ փաստեց, որ առաջին հերթին 
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է կայունություն ապահովի 
բուհում:

«Պետք է գործուն քայլեր ձեռնարկենք՝ առողջ մթնոլորտ ձևավորելու համար: Բացի 
դրանից՝ կարծում եմ, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է 
բավարար պայմաններ ապահովի՝ առաջիկայում ԵՊՀ ռեկտորի ընտրությունը 
կազմակերպելու համար: Իհարկե, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն իրավական 
տեսանկյունից անմիջական կազմակերպման պատասխանատվություն չի կարող կրել, 
բայց մթնոլորտի ընդհանուր տեսանկյունից դա կարևոր է»,- ասաց Վահե 
Հովհաննիսյանը:

Նա ասաց, որ հարցը չպետք է քաղաքականացվի, պետք է առաջնորդվել համալսարանի 
շահերով, պետք է լինի իրավիճակի վերահսկում:
Քվեարկության արդյունքում Գեղամ Գևորգյանը ստացավ 21, իսկ Վահե 
Հովհաննիսյանը՝ 11 ձայն:

Գեղամ Գևորգյանը 1975-1980 թթ. սովորել է ԵՊՀ մեխանիկամաթեմատիկական 
ֆակուլտետում: 1982 թ. պաշտպանել է «Չափելի ֆունկցիաների օրթոգոնալ 
շարքերով և մարտինգալներով ներկայացումը և միակությունը» թեմայով 
թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով ֆիզմաթ. գիտությունների թեկնածուի 
գիտական աստիճան: 1992 թ. պաշտպանել է «Եռանկյունաչափական և Ֆրանկլինի 
շարքերի զուգամիտության և միակության խնդիրներ» թեմայով դոկտորական 
ատենախոսությունը՝ ստանալով ֆիզմաթ. գիտությունների դոկտորի գիտական 
աստիճան:

Գեղամ Գևորգյանը 1980-1984 թթ. եղել է ԵՊՀ ուսումնական լաբորատորիայի 
վարիչ, 1984-1992 թթ.՝ ԵՊՀ դոցենտ, իսկ 1992-1997 թթ.՝ ԵՊՀ պրոֆեսոր: 
1997-2004 թթ. եղել է ԵՊՀ մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչը, իսկ 
2004-2008 թթ.՝ ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանը: 2008-2019 թթ. եղել է 
ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով 
պրոռեկտորը: 2010 թ.-ից ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս է:

Գեղամ Գևորգյանն աշխատել է նաև Հունգարիայի Էտվոշի համալսարանում, Մոսկվայի 
Սպեկլովի ինստիտուտում և Լեհաստանի ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտում: Նրա 
գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է իրական անալիզը, հարմոնիկ 
անալիզը և օրթոգոնալ շարքերը:

Գեղամ Գևորգյանը ԵՊՀ 050 մասնագիտական խորհրդի նախագահ է, «ՀՀ ԳԱԱ 
տեղեկագիր։ Մաթեմատիկա» ամսագրի խմբագրության անդամ, «Proceedings of YSU» 
հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ, ԳԱՏԱՀ խորհրդի անդամ և «Հետազոտական 
մաթեմատիկա» հիմնադրամի խորհրդի անդամ:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն արժանացել է «Անանիա Շիրակացի» 
մեդալին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի մրցանակին: