Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Արմեն Սարգսյանը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի և Արսեն Համբարձումյանի հետ (տեսանյութ)

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի, դրա տնտեսական հետևանքների, նոր մարտահրավերների հաղթահարման ուղիների քննարկման նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումների շարք է նախաձեռնել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, տարբեր ոլորտների մասնագետների հետ:

Այս շրջանակում նախագահ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակին, տնտեսական դժվարություններին, դրանց հաղթահարման հնարավորություններին և ուղիներին:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս մարտահարվերը հնարավոր է հաղթահարել միայն ուժերի համախմբման միջոցով: ՀՅԴ ներկայացուցիչները ներկայացրել են իրենց տեսլականն իրավիճակը հաղթահարելու հնարավոր ճանապարհների մասին: Մտքեր են փոխանակվել նաև երկրի ներքին և արտաքին խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ է եղել համազգային օրակարգին վերաբերող մի շարք հարցերի, այդ շրջանակում անցկացված և նախատեսվող, այդ թվում՝ Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցին, Սևրի դաշնագրի կնքման 100-ամյակի և Առաջին Հանրապետության առաջիկա տարեդարձին նվիրված միջոցառումների շուրջ:

Հանրապետության նախագահին տեղեկություններ են ներկայացվել ՀՅԴ ծրագրած մի շարք միջոցառումների մասին, որոնք, համավարակով պայմանավորված, ժամանակավորապես հետաձգվել են: Անդրադարձ է եղել նաև նախագահ Սարգսյանի առաջարկած Համազգային այգու՝ «Հայ պարկ»-ի ստեղծման նախաձեռնությանը:

Հյուրերը ողջունելի են համարել համահայկական նշանակության այս նախաձեռնությունը, որն ուղղված է ազգային միասնականության ապահվմանը: