Լոնդոնը և Ամստերդամը երաշխավորագիր չեն տրամադրել ՈՒԵՖԱ-ին
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի եվրոպական միությունը հետաձգել է Գործադիր կոմիտեի հերթական նիստը, որը պետք է կայանար մայիսի 27-ին, քանի որ Լոնդոնի և Ամստերդամի կառավարություններից չի ստացել Եվրո-2020-ի խաղերն անցկացնելու երաշխավորագիր: Այդ մասին հայտնում է անգլիական The Times թերթը:
Նախկինում Եվրո-2020-ը, որն պետք է կայանար այս տարվա ամռանը, կորոնավիրուսի վարակի պատճառով հետաձգվել է մեկ տարով և տեղի կունենա 2021 թվականին: Խաղերը նախատեսված է անցկացնել 12 քաղաքների 12 մարզադաշտերում:
Լոնդոնի «Ուեմբլիում» նախապես որոշված էր անցկացնել 7 հանդիպում, այդ թվում կիսաեզրափակիչները և եզրափակիչը, իսկ Ամստերդամի «Յոհան Կրուիֆ Արենա» մարզադաշտում պլանավորված էր չորս խաղ:
Նշենք, որ Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը մեկնաբանելով Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի վերսկսումը, ասել էր, որ այժմ կարևորը ժողովրդի անվտանգությունն ու առողջությունն է, քան ֆուտբոլային խաղերի անցկացումը:
Ամստերդամի քաղաքապետը նման հայտարարությամբ հանդես չի եկել, սակայն Նիդեռլանդների առողջապահության նախարար Հուգո դե Յոնգը դեռ մայիսի 7-ին տեղեկացրել է, որ բոլոր մասսայական միջոցառումները երկրում կարգելվեն այնքան ժամանակ, քանի դեռ չի լինի կորոնավիրուսի պատվաստանյութ:
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեն իր հաջորդ նիստը կանցկացնի հունիսի 17-ին: