Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 18-ը մայիսի․ Ակադեմիկոսի կոչում շնորհվեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին (տեսանյութ)

1992-ի մայիսի 18-ին Հայաստանի պաշտպանության նախարարության եւ Արցախի պաշտպանական բանակի ուժերն ազատագրեցին Լաչինը։ Այս կերպ ցամաքային կապ հաստատվեց Արցախի եւ մայր Հայաստանի միջեւ։ Հաջորդ օրն արդեն կյանքի ճանապարհ կոչվող Լաչինով հումանիտար օգնություն էր հասցվում Արցախի բնակչությանը։

1997-ի այս օրը անդադար տեղացող հորդ անձրեւի պատճառով ձախողվեց ազգային համաձայնության դաշինքի հանրահավաքը։ Թեպետ դաշինքի առաջնորդներից առավել ազնիվները խոստովանում էին, որ անձրեւը հավաքի սակավամարդության միակ պատճառը չէ։

1993-ից թալանված «Կանազ» փակ բաժնետիրական ընկերությունը պետական պարտքերի տակ տնքում է։ Որոշվել է գույք օտարել, որպեսզի կատարվեն պետության նկատմամբ ֆինանսական պարտավորությունները։ Ընտրությունը կանգ է առել «Կանազ» մշակույթի կենտրոնի վրա։ Մշակույթի կենտրոնում այդ պահին գործում էին պարախմբեր, որոնք նաեւ լիարժեք համերգային գործունեություն էին իրականացնում, ընդ որում՝ ինքնաֆինանսավորմամբ։

1999-ին մայիսի 18-ին մերժվեց պատգամավորության թեկնածու Ռուբեն Թորոսյանի հայցն ընդդեմ նույն ընտրատարածքի մեկ այլ թեկնածու Խոսրով Հարությունյանի։ Դատարանը համարեց, որ Հարությունյանն իրավունք ունի թեկնածուական ընտրարշավի ընթացքում օգտվել ԱԺ նախագահի լիազորություններից։ «Եթե դեմկուսի անդամներն ինտելեգենտ են, դա չի նշանակում, որ մենք չենք կարող ինքնապաշտպանվել»,- 1999-ի այս օրը հայտարարում էր կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

1999-ի մայիսի 18-ին, վերջապես, լույս ընծայվեց «Ոսկեփորիկ» մանկական հանրագիտարանի վերջին՝ 3-րդ հատորը։ Հատորը լույս ընծայված չհասցրեց տեսնել դրա խմբագիր Կոնստանտին Խուդավերդյանը։

2000-ի այս օրը ԱԺ-ում ստեղծվեց 12 երկրապահ պատգամավորից բաղկացած «Հայաստան» խումբը։ Աղասի Արշակյանին զայրացրել էր Անդրանիկ Մարգարյանի նշանակումը վարչապետի պաշտոնում։ Այս առիթով նա հորդոր ուղղեց Ռոբերտ Քոչարյանին։

2007-մայիսի 18-ին «Մեկ գումարած մեկ» կարգախոսով երթ տեղի ունեցավ Ազատության հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ։ Երթի մասնակիցները համարում էին, որ մայիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծված են։

2009-ի այս օրը Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսի կոչում շնորհվեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ով, ի դեպ, ակադեմիկոսի արժանիքների մասին իր պատկերացումներն ուներ։