Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը մնացել է առանց թմբկահարի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանացի հայրահայտ ֆուտբոլասեր Մանուել Կասերես Արտեզերոն, ով ավելի շատ հայտնի է Մանոլո անունով, ստիպված է վաճառել իր թմբուկները, որպեսզի հացի փող ունենա:
«Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իսպանիայի կառավարությունը փակել է տվել բոլոր բարերը: Իմ բարը արդեն երեք ամիս է չի գործում, և այժմ ես վնասով եմ աշխատում: Հունիսին ավարտվում է տարածքի վարձակալության պայմանագիրը ու ես այլևս չեմ կարող երկարաձգել այն: Բոլոր հարկերը վճարելուց հետո նույնիսկ հացի փող չի մնում:
Ինձ շատ անգամ խնդրել են վաճառել թմբուկները, որոնցով շրջել եմ աշխարհի տասնյակ երկրներում և աջակցել հավաքականին ու մեր թիմերին: Սակայն միշտ ասել եմ, որ ոչ մի պայմանով չեմ բաժանվի դրանից: Ցավոք, այժմ ստիպված եմ վաճառել դրանք: 45 տարի նվիրել եմ ֆուտբոլին և չեմ ուզում հավատալ, որ այսպիսի անշուք ավարտ կունենար այդ սերը», - ասել է 71-ամյա ֆուտբոլասերը:
Հավելենք, որ իսպանացի երկրպագուն հայտնի է նրանով, որ 1979 թվականից սկսած մշտապես ճանապարհորդել է Իսպանիայի հավաքականի և իր սիրելի «Վալենսիա» ակումբի հետ ու հատուկ պատրաստված թմբուկներով աջակցել թիմերին: Լրատվամիջոցները նշում են, որ նա ներկա է եղել ազգային թիմի բոլոր հանդիպումներին, սակայն պետք է փաստենք, որ Իսպանիայի ընտրանին երկու անգամ հանդես է եկել Երևանում, և երկու դեպքում էլ Մանոլոն բացակայել է:
Մանոլոն հայտնել է, որ իր երազանքն է ներկա լինել ֆուտբոլի աշխարհի հաջորդ երկու առաջնություններում և դրանց թիվը հասցնել 12-ի: