Բացել լրահոսը Փակել լրահոսը
Շարմազանով Էդուարդ
A A
Քաղաքականություն

«Սիրո և համերաշխության» քաղաքականությունն ատելության ու թույնի քաղաքականություն է եղել ի սկզբանե․ Շարմազանով (տեսանյութ)

«Ազգային ժողովում տեղի ունեցածն աննախադեպ էր բացասական առումով, բայց այն հայելին էր, որը երկու տարի շարունակ քարոզել է օրվա ռեժիմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,-այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա տեղի ունեցածը որակեց ատելության, քաղաքական բազմակարծության ոտնահարման հստակ դիրքորոշում, իսկ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը համարեց  տեղի ունեցածի արդարացում.

«Սա ցույց է տալիս, որ «սիրո և համերաշխության» քաղաքականությունը ատելության ու թույնի  քաղաքականություն է եղել ի սկզբանե»:

Շարմազանովը ընդդիմության աշխատանքը համարեց հովհարային անջատումներով, ըստ նրա՝ Խորհրդարանում կան մի քանի ընդդիմադիր պատգամավորներ, բայց ամբողջությամբ ընդդիմադիր խմբակցություններ չկան.

«Բոլոր այն ուժերը, ովքեր հեղափոխություն կոչվածը առաջին իսկ օրվանից ողջունել են, նրանք, ովքեր լռել են, երբ հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի վրա լկտի արշավ է տեղի ունեցել, երբ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ շինծու մեղադրանք կարվեց, երբ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վրա քաղաքական դրդապատճառներով շինծու գործ կարվեց, երբ իմ և իմ ընկերների դագաղներն ու սև լենտերն էին հանվում, նրանք չեն կարող ինձ համար լինել իրական ընդդիմություն»:

Գարեգին Նժդեհի վերաբերյալ մեծ ասուլիսում վարչապետի հնչեցրած մեկնաբանությունը Շարմազանովը հատվածական գնահատեց:

Ինչ վերաբերում է Արցախի հարցի կարգավորման շուրջ Փաշինյանի հնչեցրած պնդումներին, Շարմազանովի մոտ տպավորություն է ստեղծվել, թե վարչապետն ուզում է  միջազգային հանրությանը և Ադրբեջանին մեսիջ հղել, որ Արցախում անկախ և ժողովրդավար իշխանություն չկա: 

ՀՀԿ խոսնակը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չհաստատեց, որ փուլային տարբերակին ասում է ոչ.

«Իրեն հարց են տալիս Լավրովի հայտարարության հետ կապված, ասում են՝ կա՞ փուլային կամ փաթեթային տարբերակ,  ինքը շատ է անլրջացնում հարցը, սկսում է դատարկ տրամաբանական մտավարժանքներ անել, սա բազար չէ, որ մեկը փաթեթով գա, ելակ առնի, մեկն էլ ասի՝ չէ՛, գիլաս տվեք»:

Շարմազանովը կարծում  է՝ Արցախյան խնդրի կարգավորման հարցոմ ազգային լուծումը Նիկոլ Փաշինյանի համար առաջնահերթություն չէ: ՀՀԿ խոսնակի դիրքորոշումն այն է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը թուլացնում է մեր ազգային ինստիտուտները՝ բանակը, եկեղեցին, ընտանիքը: 

Ապրիլյան պատերազմում  հաղթանակը կասկածի տակ է դրվում թեկուզ հենց ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ, կարծում է Շարմազանովը: Իսկ ինչո՞ւ այդ դեպքում Սերժ Սարգսյանը ներկայացավ հանձնաժողով, Շարմազանովն ասում է՝ քաղաքական ծուղակ էր.

«Սերժ Սարգսյանը որ չգնար, ասելու էին՝ ահա, ուրեմն՝ մի բան եղելա, ուրեմն՝ դավադրությունա եղել, ուրեմն՝ թաքցնելու բան ունի ժողովրդից, իսկ Սերժ Սարգսյանը գնաց շատ պատրաստված, բոլոր հարցերի պատասխանները տվեց, ասաց, որ Արցախյան պատերազմում մենք հաղթել ենք, որ Ռուսաստանը դավադրության մեջ չի եղել»:

Շարմազանովը Մարտի 1-ի գործին ևս անդրադարձավ, պնդեց՝ Փաշինյանը խաբել է ժողովրդին, երբ հայտարարել է, որ գործն ամբողջությամբ բացահայտված է, այսօր, անմեղության կանխավարկածը խախտելով, փորձում է  «գործը գցել Վահագն Հարությունյանի գրպանը»:

 Նիկոլ Փաշինյանը փոքրիկ բռնապետ է, -ասում է Շարմազնովը և հավելում, որ փոքրիկ բռնապետերի քաղաքական կյանքը շատ կարճ է լինում, իսկ Փաշինյանին մնացել է հաշված ժամանակահատված:

Ինչ վերաբերում է դատական իշխանությանը, ՀՀԿ խոսնակը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանը ձգտում է ունենալ իր սրտի և գրպանի  դատական իշխանությունը, բայց չէր հաշվարկել, որ կա Հրայր Թովմասյան, դատական իշխանությունում կան արժանապատիվ մարդիկ.

«Արտակարգ դրության երկարացման միակ պատճառը հանրաքվեից խուսափելն է, որվհետև Փաշինյանը շատ լավ գիտի, որ իր ռեյտինգը գահավիժում է», ասաց նա։