Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ֆուտբոլ. Գերմանիան վերսկսեց. հաջորդը Հայաստանն է

Երկու ամիսն ընդմիջումից հետո վերսկսեց Գերմանիայի ֆուտբոլի Բունդեսլիգան: Այսօր կայացան հետաձգված 26-րդ տուրի առաջին վեց հանդիպումները:

Առաջին տարբերությունն այս խաղերում կայանում է նրանում, որ խաղերն անցնում են առանց հանդիսականների: Սակայն, այդ հանդիպումներից յուրաքանչյուրում ներգրավված են 322 մարդ: Դրանք են ֆուտբոլիստները,մարզիչները, թիմի աշխատակիցները, ակումբների ներկայացուցիչները, մրցավարները, լրագրողները, հեռուստաընկերության աշխատակիցները, ֆեդերացիայի պատվիրակները, ոստիկանները, հսկիչները, բժիշկները, հավաքարարները, գնդակ մատակարարող երեխաները և այլք: Եվ բոլորը պետք է մեկ մարդու նման կատարեն նոր կանոնակարգի բոլոր պահանջները: Օրինակ, գնդակ մատակարարող երեխաները պետք է անընդհատ ախտահանեն իրենց ձեռքերը և խաղադաշտից դուրս եկած գնդակը:        

Ինչևէ: Կորոնավիրուսի պանդեմիայից կարանտինից հետո Բունդեսլիգայում անդրանիկ գոլը խփել է Դորտմունդի «Բորուսիայի» 19-ամյա ֆուտբոլիստ Էրլին Հոլանը: Իսկ նրա խաղընկեր Գերեյրոն դարձել է դուբլի հեղինակ: «Բորուսիան» հաղթել է 4:0 հաշվով և ընդհուպ մոտեցել առաջնության առաջատար «Բավարիային», որն իր հետկորոնավիրուսային առաջին հանդիպումը կանցկացնի վաղը՝ Բեռլինում, որտեղ կհյուրընկալվի Բունդեսլիգայի նորեկ «Ունիոնին»:

Հավելենք, որ եկող շաբաթվանից կվերսկսի նաև Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն առաջնությունը: Մենք հավանաբար կդառնանք երկրորդ երկիրը Գերմանիայից հետո, որը երկարատև դադարից հետո կփորձի վերակենդանացնել միլիոնների խաղը: