Խմելու ջուրն աղտոտված է
Աջակցիր «Ա1+»-ինԿապանի խանութներում արդեն 3 օր է ամենասպառվող ապրանքը շշալցված խմելու ջուր է։ Վաճառուղուհիների խոսքերով, տարբեր տարողությամբ ջրերը վաճառվում են պահանջարկը մեծ է։
Մարզկենտրոնի մեծ մասը սնվում է Գյարդի եւ Աջաբաջի աղբյուրներից, որտեղից ջուրը հասնում է Գեղվա ջրի մաքրման կայան, այստեղից էլ՝ սպառողներին։ Բայց արդեն 3 օր է փոխվել են թե ջրի գույնը եւ թե համը։ Պատճառը ձնհալն ու անձրեւներն են։ Օդի ջերմաստիճանը բարձրադիր գոտիներում սովորականից բարձր է. տարվա այս եղանակին Աջաբաջ գյուղի սարերը ձյունառատ էին լինում, իսկ հիմա՝ ոչ այնքան։
Գյարդի ջրաղբյուրի հսկող Միսաք պապն էլ 20 տարի է աշխատում է այստեղ, բայց նման բան դեռ չէր տեսել։ Մաքրման կայանի զտիչները չեն հասցնում մաքրել ջուրը։ Գործում է 6 զտիչ՝ յուրաքանչյուրը 50խմ տարողությամբ։ Ճիշտ է, դրանց արտադրողականությունը հասնում է 350լ/վ-ի, բայց դրանք նախատեսված չեն այսչափ աղտոտված ջուրը զտելու համար։
Կա եւս մեկ խանգարող հանգամանք. զտիչների մաքրման համար էլ ջուր չկա։ Սանիտարահիգիենիկ առումով ջուրը վարակազերծված է, եւ այն կարելի է օգտագործել կենցաղում,- հավաստիացնում են ջրմուղագործները։
Քլորակայանում իրավիճակը վերահսկվում է։ Ջրի որակն աստիճանաբար վերականգնվում է, բայց ջրմուղագործները խորհուրդ են տալիս նաեւ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում եռացնել եւ օգտագործել ջուրը։ Գլխավոր ինժեներ Լեոնարդ Սարգսյանի խոսքերով նման դեպք էր գրանցվել նաեւ մոտ 6 տարի առաջ. այդ ժամանակ ստիպված էին քաղաքի ջրամատակարարումը դադարեցնել 3 օրով։ Այս անգամ նման միջոցառումներ չեն ձեռնարկվի, իհարկե, եթե տեղումները չշարունակվեն։
Այս քանի օրը խախտվել է միայն ջրամատակարարման ժամանակացույցը, այն էլ շուտով կվերականգնվի։
«Սոսի» հեռուստատեսություն