Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Այո, պետք է գնալ մինչև վերջ». վարչապետը՝ Մարտի 1-ի գործի մասին (տեսանյութ)

Շատ մանրամասներով բացահայտված է, թե ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին և դրանից հետո: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ըստ մեղադրանքի, եթե գործը քննող քննչական խմբի ղեկավարը տարածքում կրակված պարկուճները փոխել է, հասկանու՞մ եք՝ ինչ է նշանակում դա. նշանակում է իսկական կրակված պարկուճները չկան, և մենք հնարավորություն չունենք այսօր պարկուճների միջոցով նույնականացնել ու զենքերը գտնել: Հիմա այդ քննչական խմբի ղեկավարը հետախուզման մեջ է, ինչո՞ւ, թող գա պատմի՝ ինչ է արել այդ պարկուճները: Գուցե ինքը գիտի սպանության հեղինակների անուն, ազգանունները»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանը պնդում է՝ մեծ հաշվով պարզ է, թե ովքեր և ինչ շրջանակ է կազմակերպել Մարտի 1-ի սպանությունները։

«Այո, պետք է գնալ մինչև վերջ ու բացահայտել այն անհատներին, ովքեր  կրակոցներն իրականացրել են, բայց պարզ է՝ ովքեր են ապօրինի զինված խմբավորումներ ձևավորել ու մտցրել ժողովրդի մեջ: Այսօր քրեական գործերը հարուցված են, մի մասն ուղարկված է դատարան»:

Հենց քննչական խմբի ղեկավարի կողմից ամենակարևոր ապացույցները կեղծված են,-պնդում է Փաշինյանը և հավելում, թե  պետք կռահել, որ նա դա իր նախաձեռնությամբ չի արել:

«Երբ այն ժամանակ գործող նախագահի օգնականը փաստահավաք խմբի քննության գնացող մարդկանց նկատմամբ ճնշումներ էր գործադրում, ինչի՞ համար էր դա արել՝ իրականությունը թաքցնելու համար: 10 տարի թաքցված իրականությունը շատ հեշտ չէ 2 տարում բացահայտել»

Վարչապետը չբացառեց, որ հնարավոր է ապացույցներն իսպառ ոչնացված լինեն.

«Եթե իրական պարկուճները տարել,  ձուլարանում մի տեղ ձուլել են, պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում»,-եզրափակեց նա: