Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինչպե՞ս է լուծվելու ՍԴ ճգնաժամը. Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց (տեսանյութ)

Առնվազն մեկ տարի մենք հանրաքվե չենք կարող անել, բայց չենք կարող սպասել ՍԴ-ի ճգնաժամի լուծմանը, մինչև կորոնավիրուսի համաճարակը ավարտվի:  Այս մասին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը տեղեկացրեց, որ քննարկվում է Սահմանադրական դատարանի հարցը որևէ բանաձևով՝ մասնակի կամ ամբողջական խորհրդարանում լուծելու հարցը: Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողով դիմելուն, Փաշինյանն ասաց՝ հանրավքեի շրջանում նույնպես մտադրվել էին քննարկումների արդյունքում դիմել Վենետիկի հանձնաժողովին:

Նա  ընդգծեց՝ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում հանրաքվե անելն անհնար է, բայց մյուս կողմից սպասել չեն կարող.

«Եթե նույնիսկ այդպես սպասենք, մենք սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ենք ձևավորել, սահմանադրական փոփոխություններ պետք է տեղի ունենան այդ համատեքստում, որն արդեն մյուս տարի հունիսին նախնական հաշվարկներով կարող է դրվել հանրաքվեի: Այսինքն՝ մի տեսակ անիմաստ է դառնում այդ պրոցեսը: Մենք մտածում էինք այս տարի այս հանրաքվեն անել, հետո խորհրդարանական ընտրությունների հետ 2023 թվականին կանենք մյուսը, բայց հիմա այս համաճարակի բերած փոփոխություններով այդ ժամանակցույցն այդքան էլ չի ստացվում, հետևաբար, մենք հիմա Վենետիկի հանձնաժողով ենք դիմել, և այո, քննարկվում է ՍԴ հարցը որևէ բանաձևով՝ մասնակի կամ ամբողջական խորհրդարանում լուծելու հարցը»,- ներկայացրեց նա։