«Ովքե՞ր են էդ հրեղեն դատավորների թեկնածուները, որոնք գալու են և համակարգը փոխեն». Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Կառավարությունը քայլեր է անում Հայաստանում իրապես անկախ դատական համակարգ ունենալու համար»,-այսօր առցանց ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն դժգոհություններին, որ Կառավարությունը հրաժարվեց համընդհանուր վեթինգի վերաբերյալ նախապես հայտարարված տարբերակից:
Ինչ վերաբերում է բարեփոխումների տեմպի դանդաղեցման շուրջ քննարկումներին, վարչապետը կասկած հայտնեց, որ արագ բարեփոխումները կարող են լավը կամ արդյունավետ լինել:
Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ խորքային բարեփոխումները պետք է ընթանան հանդարտ: Բարեփոխումների ընթացքը վարչապետը համեմատում է ազգային կերակուրի՝ խորովածի պատրաստման ընթացքի հետ.
«Երբ հյուր է գալիս մեր տուն, և խնդիր կա խորոված անելու, քանի որ մարդիկ սոված են, դրա համար թեժ կրակ է արվում, բայց եթե այդ խորովածը արվում է ավելի արագ, քան անհրաժեշտ է, երեսը վառվում է, մեջը հում է մնում, արդյունքում հյուրերը մնում են սոված: Նույնն էլ բաերփոխումներն են»:
Վարչապետը պնդում է՝ ուզում են նորմալ կրակի վրա նորմալ խորոված անել, որպեսզի հյուրերը կամ մեր տան տերը՝ ՀՀ ժողովուրդը հագենա, բավարարված զգա իրեն բարեփոխումների ընթացքից:
Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց բազմիցս արած իր պնդումը՝ չեն ուզում ունենալ թեկուզ պրոհեղափոխական, բայց խամաճիկային դատարան:
Գործադիրի ղեկավարը մեկ այլ հարց բարձրացրեց՝ բոլոր դատավորներին գործից հանելով ո՞ւմ են բերելու.
«Ովքե՞ր են էդ հրեղեն դատավորների թեկնածուները, որոնք գալու են և համակարգը փոխեն»,- ասաց նա: