Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան ուղիղ եթեր
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Բենզինի գին, կորոնավիրուսի դեմ պայքար․․․ վարչապետը 100 փաստ է ներկայացնում (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է իր պաշտոնավարման ընթացքում արդեն 8-րդ մամուլի ասուլիսը: Գործադիրի ղեկավարն այն սկսեց արդեն ավանդական դարձած 100 փաստերով նոր Հայաստանի մասին:

Առաջին փաստերը կորոնավիրուսի և դրա հետևանքների չեզոքացման տնտեսական և սոցիալական ծրագրերի մասին էին՝ որքան շարքային քաղաքացի և որքան տնտեսվարող է աջակցություն ստացել Կառավարությունից և ինչ կերպ:

Տեղեկացրեց, որ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում ընդհանուր առմամբ շահառուներին բաշխվել է 84.4 մլրդ դրամ, որից օգտվել է 48.400  իրավաբանական և մոտ 1 մլն 100 հազար ֆիզիկական անձ:

Կառավարությունը սուբսիդավորել է նաև 513 տնտեսվարողների ձեռք բերած 31.7 մլրդ դրամ արժեքով վարկերի տոկոսադրույքները: Տնտեսվարողներին 6 ամիս արտոնյալ ժամանակահատված է տրվել մայր գումարները մարելու համար:

Կառավարությունը բյուջեից 6 մլրդ դրամ տվել է բանկերին գյուղատնտեսական վարկեր տրամադրելու նպատակով, որոնք հետագայում բանկերը պետք է վերադարձնեն:

Ըստ վարչապետի ներկայացրած փաստերի՝  486.434 ընտանիք օգտվել է կոմունալների վարձավճարների աջակցության ծրագրից, ընդհանուր առմամբ՝ Կառավարությունը այս ծրագրերին հատկացրել է 4.7 մլրդ դրամ:

Փաշինյանը մանրամասն ներկայացրեց նաև մյուս ծրագրերի շահառուների քանակը և դրանց համար հատկացված գումարները:

Փաստերի թվում էր նաև այն, որ սննդային և հիգենիկ պարագաների՝ մոտ 13000 դրամ արժողությամբ 50 հազար փաթեթներ են տրամադրվել խոցելի խմբերում գտնվող և ցուցումով ինքնամեկուսացած անձանց:

Նոր Հայաստանի մասին 100 փաստերի թվում վարչապետը ներկայացրեց նաև ձեռք բերված կորոնավիրուսի թեստերը և բժշկական սարքավորումները: Արդեն ձեռք են բերվել 100 հազար թեստեր, նաև Հայաստանին կտրամադրվեն թոքերի արհեստական շնչառության 70 նոր սարքավորումներ: Կառավարությունը պատրաստվում է ձեռք բերել նաև շտապօգնության հավելյալ մեքենաներ բարձր անցողականությամբ:

Հայաստանում ստեղծվել է պաշտպանիչ դիմակների և ալկոգելերի արտադրություն, որոնց ծավալները ընդհուպ կարող են բավարարել նաև արտահանման համար:

Գործադիրի ղեկավարը խոսեց նաև առցանց կրթության մասին, հայտնեց, որ աշխատում են համակարգը կատարելագործելու ուղղությամբ, քանի որ հնարավոր է՝ աշնանը վիրուսի նոր բռնկում լինի:

Մի քանի փաստեր վարչապետը ներկայացրեց վարկերի և վարկային արձակուրդների մասին: Մայիսի 15-ի դրությամբ 485 հազար ֆիզիկական և ավելի քան 15 հազար իրավաբանական անձանց տրամադրվել է վարկային արձակուրդ:

23 հազար քաղաքացի Հայաստան է վերադարձել սահմանափակումների պայմաններում, վարչապետը տեղեկացրեց, որ գործընթացը շարունակվում է:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ 96 մլն եվրո կտրամադրի Եվրամիության կողմից, Հայաստանին դրամաշնորհներ, արտոնյալ տոկոսադրույքով վարկեր կտրամադրվեն այլ  երկրների կողմից: 

Նախորդ տարի մեր երկրում գրանցվել է 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճը՝ 7.6 տոկոս, որը ամենաբարձրն է ԵԱՏՄ անդամ երկրների, հարևան երկրների և եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ,-արձանագրեց Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով, թե ինչ կերպ ենք հասել նշված ցուցանիշին:

Փաստ է նաև այն, որ 2020 թվականի հունվար- մարտ ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի  համեմատ տպագրվել է  21.9 տոկոսով ավելի քանակությամբ ՀԴՄ կտրոն:

Փաշինյանը հորդորեց նաև ազգային դրամին վերաբերել վստահությամբ, ասաց վերջերս վաճառել է իր «Հունդայի» ավտոմեքենան և գումարը դրամով որպես ավանդ պահում է բանկում:

Ըստ վարչապետի՝ փաստ է նաև, որ նվազել են բենզինի և դիզվառելիքի գները: Նա նշեց՝ առաջնային սննդամթերքի շուկայում ևս գնանկումը նկատելի է:

Նոր Հայաստանի մասին փաստերի թվում վարչապետը խոսեց նաև աշխատավարձերի բարձրացման մասին: Արձանագրեց՝ հեղափոխությունից հետո ընդհանուր առմամբ՝ ավելի քան 1 մլն 100 հազար մարդու աշխատավարձը, թոշակը կամ նպաստը ավելացել է:

Ավելացվել է նաև պետական ծառայողների աշխատավարձը:

Վարչապետի խոսքով՝ նախորդ տարիների համեմատ 2019-ին նվազել է դատական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը և ազատազրկվածների թիվը:

Վերջինս 2017-ին եղել է 1410 անձ, 2018-ին՝ 1148, արդեն 2019-ին՝ 1037:

Վարչապետն ասաց՝ սա իրենց քաղաքականությունն է՝ գնալ ոչ թե պատժողականության, այլ սոցիալական ինտեգրման ճանապարհով: Բարելավվել են նաև ցմահ ազատազրկվածների պայմանները: Պատժի կրումից ազատվել է 2 ցմահ դատապարտյալ, ինչը, ըստ վարչապետի, աննախադեպ է:

Բարելավվել է նաև դատապարտյալների և ազատազրկվածների սննդի որակը, գործընթացը շարունակական է: Վարչապետը չմոռացավ նաև Կովկասյան ընձառյուծի մասին, կենդանու հայտնվելը Տավուշի անտառներում, ըստ Փաշինյանի, վկայում է այն մասին, որ որսագողությունը և ապօրինի անտառհատումները նվազել են:

Փաշինյանը ներկայացրեց նաև բանակի ձեռքբերումներից: Զինուժը համալրվել է 1343 նոր ավտոմոբիլով և 33 միավոր ինժեներական տեխնիկայով, 148 դիրք ապահովվել է հոսանքով ջրով՝ 235 դիրք:

Շարունակվել է առաջնագծում ժամկետայիններին պայմանագրայիններով փոխարինելու գործընթացը: Պայմանագրայինների թիվը ավելացել է 4.1 տոկոսով: Ընդհանուր ժամկետային զինծառայողների 80 տոոսը օգտվում է սննդի նոր համակարգից, նախատեսվում է մինչև տարեվերջ բոլոր զորամսերը ապահովել նոր համակարգով, նաև մարտական դիրքերը: Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ պետությանը հասցվել է 190.7 մլրդ դրամի վնաս, վերականգնված է 40․2 մլրդ-ը:

2019 թվականին քննված քրեական գործերի շրջանակներում 10.2 մլրդ դրամի արգելանք է դրվել մեղադրյալների կամ ամբաստանյալների հաշիվների կամ գույքի վրա:

Որպես նոր Հայաստանի 99-րդ փաստ վարչապետ ներկայացրեց, որ իր կինը տուգանվել է ավտոմեքենայի ղեկը անչափահասին վստահելու համար: