Բացել լրահոսը Փակել լրահոսը
FP
A A
Հասարակություն

«Ֆինանսական բուրգի» գործով տուժողի կարգավիճակ ունի 10 անձ, հարցաքննվել է շուրջ 7 տասնյակ վկա

Ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու կամ ղեկավարելու հատկանիշներով՝  դեռեւս 2018թ  հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է․ գործը ընդլայնվել է։   Սա  հայտնի գործն է, երբ ըստ իրավապահների՝ Երևանում գտնվող մի կազմակերպություն հիպնոսի և նեյրոլինգվիստիկ ծրագրավորման եղանակով հաճախորդներից գումարներ է կորզել՝ յուրաքանչյուրից 2000 դոլարին համարժեք դրամ՝ նրանց վաճառելով տուրիստական փաթեթներ։

«Ա1+»-ն այս գործի ընթացքի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար դիմել էր ՔԿ։ Հիշեցնենք, որ  ոստիկանության հաղորդագրությունից մեկ  տարի անց՝  այս տարվա փետրվարի 11-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն  «Ֆինանսական բուրգ հանդիսացող կազմակերպության» վերաբերյալ հաղորդագրություն տարածել  նշելով, որ քրեական գործ է հարուցվել, սակայն նշված չէր՝ կոնկրետ ինչ հոդվածով։  

ՔԿ մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը մեզ հայտնեց, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020թ. հունվարի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 189.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի վարույթ և միացվել Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում  ՀՀ քրեական օրենսգրքի 189.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշով քննվող քրեական գործին:

Նրա փոխանցմամբ՝ քրեական գործով այս պահի դրությամբ տուժողի դատավարական կարգավիճակ ունի 10 անձ, հարցաքննվել է շուրջ 7 տասնյակ վկա, 1 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Կոմիտեն գործով որպես մեղադրյալ ներգրավված անձի տվյալները, նախաքննության գաղտնիության ապահովման  անհրաժեշտությունից ելնելով, չի տրամադրել:

«ՀՀ իրավապահ մարմինների միջոցով արտերկրից ստացվել են քրեական գործի համար նշանակություն ունեցող տվյալներ, որոնց բովանդակությունը նախաքննության ներկա փուլում հրապարակման ենթակա չէ: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ ենթադրյալ հանցավոր սխեմայի մեջ ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է ՔԿ մամուլի խոսնակի պատասխանի մեջ։


Գործն, ամենայն հավանականությամբ, վերաբերում է ցանցային մարքեթինգով («բինարային» տեսակի համակարգով է գործում) զբաղվող «Օնիքսում» կազմակերպությանը, որը զբաղվում է աշխարհի տարբեր հյուրանոցային փաթեթների առցանց վաճառքով։ 

2019 թվականին դեկտեմբերի 13-ին «Առավոտ» կայքում հրապարակված հոդվածի  համաձայն՝ «ՕՆԻՔՍՈՒՄ ԱՐ ԷՅ» ՍՊԸ-ն 2019 թվականի մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ է, որը հիմնադրվել է աշխարհի 160-ից ավել երկրներում գործող հազարավոր բարձրակարգ հյուրանոցների հետ համագործակցող և աշխարհի տարբեր երկրներում հյուրանոցների փաթեթների ամրագրում և վաճառք իրականացնող «11007823 Կանադա Ինկ.» կազմակերպության կողմից։