Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan futbol (2)
A A
Սպորտ

Մայիսի 23-ին կվերսկսվի ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունը

Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին, իսկ Առաջին խմբի առաջնությունը՝ մայիսի 30-ին: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Նման որոշում ընդունվել է այսօր կայացած ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստի ընթացքում: Ինչպես Բարձրագույն, այնպես էլ Առաջին խմբերի՝ վերսկսումից հետո կայանալիք առաջին տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: Հետագայում, հաշվի առնելով հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակի դրսևորումները և ՀՀ կառավարության կայացրած որոշումները, կքննարկվեն վերոնշյալ սահմանափակումը ուժի մեջ թողելու կամ վերացնելու տարբերակները:

Արդեն հայտնի է Հայաստանի Բարձրագույն խմբի վերսկսումից հետո կայանալիք առաջին՝ թվով 18-րդ մրցափուլի խաղացանկը:

 

23 մայիսի

16:30   «Շիրակ» - «Լոռի ՖԱ»

18:15   «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» 18:15

24 մայիսի

17:15   «Ալաշկերտ» - «Նոա»

25 մայիսի

18:30   «Արարատ» - «Ուրարտու»

 

Հետագա մրցափուլերի խաղացանկը կկազմվի 18-րդ տուրի ավարտից հետո՝ ելնելով մրցաշարային աղյուսակում թիմերի վերջնական դասավորությունից:

 

ՀՖՖ գործադիր մարմինն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ փոփոխություններ մտցնել խաղացանկի մեջ՝ ելնելով հանրապետությունում այդ պահին տիրող իրավիճակից, կառավարության որոշումներից և պարետատան ցուցումներից:

 

ՀՖՖ Գործկոմը կայացրեց ևս մի քանի որոշում: Մասնավորապես, որոշվեց հունիսի 1-ից վերափոխված խաղացանկով վերսկսել ՀՀ ֆուտզալի սուպերլիգայի մրցաշարը:  Հունիսի 1-ին կմեկնարկի նաև Ֆուտզալ լիգայի VBET գավաթի խաղարկությունը:

 

Որոշվեց չեղարկել կանանց ֆուտբոլի Բ խմբի մրցաշարը և գավաթի խաղարկությունը: Ա խմբի հաղթողին որոշելու համար հունիսի 14-ին՝ ֆուտբոլի ակադեմիայում, կմրցեն այս պահի դրությամբ մրցաշարի առաջատար «Ալաշկերտը» և երկրորդ տեղում ընթացող «Շիրակ-Հոմենմենը»: Անձնական հանդիպումներում առավելություն ունենալու շնորհիվ, նույնիսկ ոչ-ոքիի դեպքում մրցաշարի հաղթող կճանաչվի «Ալաշկերտը»:

 

Գործադիր կոմիտեն որոշում ընդունեց նաև 2019-2020 թթ. մրցաշրջանի մանկապատանեկան առաջնությունների չեղարկման և միայն 2002-2007 թթ. տարիքային խմբերի գավաթի խաղարկության անցկացման վերաբերյալ:

 

Գործկոմի որոշմամբ լրացումներ կատարվեցին ՀՖՖ Կարգապահական կանոնակարգի 12.1 և 13.1 հոդվածներում:

 

Օրակարգի վերջին հարցով հաստատվեցին ֆուտբոլիստների գրանցման և տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածի փոփոխությունները: 2020-2021 մրցաշրջանի համար հաստատվեց հուլիսի 15-ից հոկտեմբերի 7-ը ընկած ժամանակահատվածը, իսկ  և 2021-2022 մրցաշրջանների համար՝ հունիսի 21-ից սեպտեմբերի 13-ը ընկած ժամանակահատվածը: