Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Երբեք չեմ խախտել օրենքը և Սահմանադրությունը․ Արա Բաբլոյանի համար իր դեմ գործ բացելն անհասկանալի է   (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Ավան և Նոր Նորք» վարչական շրջանների դատարանում ավարտվեց Ազգային ժողովի նախկին նախագահ․ վիրաբույժ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակի ղեկավար Արսեն Բաբայանի գործով դատական նիստը։

Նրանք մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի մեջ։ Մեղադրանքները կապված են 2018-ին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի հետ։

«Ես այս գործի վերաբերյալ բազմիցս ասել եմ, որ ինձ համար անհասկանալի է, և երբեք չեմ խախտել օրենքը և Սահմանադրությունը»,- նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արա Բաբլոյանը։

ԱԺ նախկին նախագահը նշեց, որ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանից 2018 թվականին ստացել է փաստաթուղթ և փոխանցել ԱԺ աշխատակազմին, որից հետո աշխատակազմը պատրաստել է փաստաթուղթ, և հետո ինքը հանդես է եկել հայտարարությամբ։

«Եթե ես լինեի պայմանավորվածության մեջ և Գագիկ Հարությունյանը ամսի (մարտ - հեղ․)1-ին, որ դիմում էր տվել, Գագիկ Հարությունյանը ամսի 1-ի ժամը 11-ին եթե գրել էր, 12-ին, կասեի, դիմումը սեղանիս լինի, որովհետև ես ամսի 2-ին ելույթ կունենամ, հանդես կգամ Ազգային ժողովում, որտեղ նիստ կար։ Գոնե այդքանը ես հասկանում եմ»,- ընդգծեց ԱԺ նախկին նախագահը։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության տարածած մամուլի հաղորդագրության՝ 2018 թվականին այն ժամանակ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որի պաշտոնավորման ժամկետը (70 տարին) լրանալու էր 2018 թվականի մարտի 23-ին, այն ժամանակ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված դիմում է ստորագրել ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, որը թվագրվել է 2018 թվականի մարտի 1-ով:

Հիշյալ դիմումը ՍԴ աշխատակազմի ընդհանուր բաժնից ելքագրվել և աշխատակազմի ղեկավարի միջոցով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի այն ժամանակվա պաշտոնակատար Արսեն Բաբայանին է հանձնվել 2018 թվականի մարտի 5-ին, մինչդեռ Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով Հարությունյանի հիշյալ դիմումը, 2018 թվականի մարտի 2-ին ապօրինի ստորագրել և հանդես է եկել Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ, քանի որ հակառակ պարագայում ԱԺ նախագահը հնարավորություն չէր ունենա մինչև ԱԺ հաջորդ հերթական նիստը՝ 2018 թվականի մարտի 20-ը, հրապարակել ՍԴ նախագահի հրաժարականի մասին, իսկ դրանից հետո օրենքով նախատեսված եռօրյա ժամկետի պահպանման պայմաններում անհնարին էր դառնալու մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության ուժի մեջ մտնելը՝ 2018 թվականի ապրիլի 9-ը, գործող ընթացակարգով Հրայր Թովմասյանին նշանակել ՍԴ նախագահ, քանի որ մինչ այդ ԱԺ հերթական նիստ նախատեսված չի եղել:

 

Մանրամասները՝ տեսանյութում