Մազ էր մնացել, որ կյանքի կոչեին, բայց տեսան, չէ, իրենց աթոռը կերերա` ետ քայլ արեցին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Այո, սկզբունքն արդար է, մանր բիզնեսը պետք է վճարի փոքր հարկ, որպեսզի ունենա զարգացման շրջանակ, զարգացման հնարավորություն, նոր կապիտալ տեղաբաշխելու հնարավորություն։ Բայց արդարության սկզբունքը չի ենթադրում հավասար հարկային դրույքաչափ կամ հարկերի բարձրացման սկզբունք, դա ենթադրում է նաև հնարավորություն տալու սկզբունք»,- «Ա1+»-ի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Սոս Խաչիկյանը՝ անդրադառնալով Հարկային օրենսգրքում կառավարության ներկայացրած փոփոխությունների նախագծին։
Հիշեցնենք, որ այդ փոփոխություններով կառավարությունն առաջարկում էր փոքր բիզնեսին Շրջանառության հարկի ռեժիմից տեղափոխել ընդհանուր հարկման դաշտ, որ 5 տոկոսի փոխարեն վճարեն 10 տոկոս հարկ։ Բայց բազմաթիվ քննադատությունների ու դժգոհություններից հետո երեկ ԱԺ տնտեսական հարցերի փոխնախագահ Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ որոշել են փոքր բիզնեսին թողնել 5 տոկոս հարկ վճարելու արտոնյալ ռեժիմում, փոխարենը նրանցից ծառայություն ձեռք բերող խոշոր ընկերությունները չեն կարողանա ծախսագրել այդ ծառայության ձեռք բերման արժեքը և դրանց համար պետք է հարկեր վճարեն։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը չի հավատում, որ իշխանությունները կկատարեն այդ խոստումը։ Ասում է՝ նրանք հետքայլ արեցին, քանի որ տեսան, որ այդ նախագծի նկատմամբ կա մեծ դժգոհություն։ «Խայծը գցեցին, տեսան, որ այդ բեռը վտանգավոր է։ Քանի որ իրենք առաջնորդվում են իրենց աթոռը պահելու շահով, տեսան, որ կերերա, և որոշեցին փոխել։ Մազ էր մնացել, որ կյանքի կոչեին, տեսան՝ չէ, հանրային դժգոհություն կա, հետքայլ արեցին։ Բայց ասացին՝ վաղը էլի կբերենք»,- հավելեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։