Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս3
A A
Պաշտոնական

«Խնամքի տներում ապրող տարեցներն ամենախոցելիներից են»

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ալանա Արմիտաժի հոդվածը՝ նվիրված COVID-19 համավարակի ժամանակ տարեցների հիմնախնդիրներին։
 

Ամբողջ Եվրոպայում՝ Իսպանիայից մինչև Սերբիա, տարեցների խնամքի տները դարձել են COVID-19 վարակի թեժ կետեր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, երկարատև խնամքի հաստատությունների բնակիչներին է բաժին ընկնում Եվրոպայում կորոնավիրուսից մահերի մինչև կեսը:

Ողջ աշխարհում վիրուսի կործանած կյանքերի մասին պատմող սրտակեղեք վիճակագրության մեջ այս ցուցանիշը ցցուն է մնում ինձ համար: Այն լույս է սփռում աներևակայելի ողբերգության վրա, որը կատարվում է մեր աչքերի առջև, բայց զարմանալիորեն քիչ ուշադրության է արժանանում հասարակության կողմից:

Խնամքի հաստատություններում ապրող տարեցները կազմում են ընդհանուր բնակչության ընդամենը չնչին մասը՝ Գերմանիայում, օրինակ, հազիվ 1%-ը, մինչդեռ դա այն երկիրն է, որը Եվրոպայում տարեցների խնամքի տներում շնչին ընկնող ամենամեծ թվով մահճակալներն ունի: Սա թույլ է տալիս հասկանալ, թե վիրուսի բերած մահացության մեջ որքան անհեթեթորեն գերներկայացված են տարեցների խնամքի տների բնակիչները:

Տարեցները, ընդհանուր առմամբ, լրջորեն տուժում են համավարակից։ COVID-19-ը նրանց սպառնում է ծանր հիվանդացությամբ, իսկ համավարակից մահերի մոտ 95%-ը կազմում են 60 և բարձր տարիքի մարդիկ: Դա է պատճառներից մեկը, թե ինչու է Եվրոպայում՝ աշխարհում տարեցների ամենամեծ մասնաբաժինն ունեցող տարածաշրջանում, համավարակը մոլեգնում նման թափով։ Եվ տարեցները պարզապես առողջության ճգնաժամի առջև չեն. վիրուսը կանգնեցնելու նպատակով ֆիզիկական հեռավորություն (որը սխալմամբ անվանվեց սոցիալական հեռավորություն) պահպանելը նույնպես անհամաչափ ազդեցություն ունի նրանց կյանքի և բարեկեցության վրա, քանի որ շատերը կտրված են այն ծառայություններից, աջակցությունից և խնամակալներից, որոնցից կախում ունեն։

Հաճախ անտեսված և տեսադաշտից դուրս, խնամքի տներում ապրող տարեցներն ամենախոցելիներից են: Մենք հոգեցունց պատմություններ ենք լսում մարդկանց մասին, որոնք մահանում են միայնության մեջ, առանց իրենց հարազատներին կողքին ունենալու և երբեմն միայն նվազագույն խնամք ստանալով գերծանրաբեռնված և թերֆինանսավորվող հաստատություններից։

Խնամքի տներում տեղի ունեցող այս ողբերգությունները տարեցների հարցում մեր ծավալուն ձախողման ընդամենը մեկ, թեպետ ծայրահեղ, արտահայտությունն են։ Համավարակն ամենայն սրությամբ ի ցույց դրեց այդ ձախողումը, սակայն այն ամենևին չի սկսվել COVID-19-ով: Քանի որ Եվրոպայում երկրներն արագորեն ծերանում են – բնակչության յուրաքանչյուր չորսից մեկն արդեն 60 և ավել տարեկան է - հասարակությունները ջանում էին պայմաններ ստեղծել աճող թվով տարեցների համար, որպեսզի նրանք կարողանան բարգավաճել, մնալ առողջ և ակտիվ՝ թե՛ համայնքում, թե՛ հասարակական կյանքում:

Այդուհանդերձ, բազմաթիվ տարեցներ մնում են անտեսված, աղքատության, սոցիալական արտաքսման և մեկուսացման մեջ, ինչն այժմ ավելի է սրվել համավարակի պատճառով: Թերևս, է՛լ ավելի վատ է այն, թե ինչպես է հանրային դիսկուրսը, ավելի կամ պակաս նրբորեն ու տարածված ակնարկների լեզվով, ասում տարեցներին, որ տարիքի պատճառով նրանք բեռ են, պակաս արժեքավոր, նույնիսկ որ մեծ հոգ չէ, եթե նրանց մի բան պատահի:

Հուսով եմ, որ այս ճգնաժամը և այն սարսափելի հետևանքները, որոնք այն ունի բազմաթիվ տարեց մարդկանց համար, շրջադարձային կետ կհանդիսանան այն առումով, թե հասարակությունում մենք ինչպես ենք տեսնում և վերաբերվում տարեցներին: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամում մենք անդադրում աշխատում ենք կառավարության և քաղաքացիական հասարակության մեր գործընկերների հետ՝ ոչ միայն համավարակի ժամանակ տարեցներին աջակցելու համար: Բայց նաև ավելի լայնորեն ապահովելու համար, որ նրանց արժանապատվությունն ու իրավունքները պաշտպանված լինեն և նրանք մնան իրենց համայնքներում ինտեգրված և ներգրավված:

Շատ երկրներ այժմ փարձում են հասկանալ, թե ինչպես կարելի է ճգնաժամը վերածել հնարավորության: Կան չորս հիմնական քայլեր, որոնք իշխանությունները կարող են ձեռնարկել, որպեսզի դա տեղի ունենա.

  1. COVID-19-ին արձագանքում առաջնահերթություն տալ տարեցների պաշտպանությանը: Սա կարող է ներառել հանրությանը տարեց մարդկանց հավասար իրավունքներին և արժանապատվությանն աջակից լինելու վերաբերյալ աներկբա ուղերձներ հղելը և համարձակ քայլեր ձեռնարկելը՝ ցույց տալու համար, որ պետության հանձնառությունները դատարկ խոսքեր չեն։ Ծառայությունների շարունակականության ապահովումը, խնամակալներին աջակցելը, մեկուսացման մեջ գտնվող մարդկանց հասնելու նպատակով թվային տեխնոլոգիաների օգտագործումը - շատ բան կարելի է անել ճգնաժամի հետևանքները մեղմելու համար:
  2. Լսել տարեցների ձայնը: Ճգնաժամին արձագանքելիս և ապագայի համար քաղաքականություններ մշակելիս, մենք պարտավոր ենք լսել, թե ինչ ասում են տարեցները: Կողմնապահությունից խուսափելու և իրական կարիքներից ելնող լուծումներ գտնելու համար համայնքներից ներկայացուցիչներ ներգրավելը կենսական նշանակություն ունի։ 
  3. Հակազդել տարիքի պատճառով խտրականությանը հանրային դիսկուրսում և գործնականում: Որևէ հանդուրժողականություն չի կարող լինել տարածված տարիքային խտրականության և բացասական կարծրատիպերի նկատմամբ, որոնք առավել տեսանելի են դարձել այս ճգնաժամի ընթացքում: Միջսերնդային համերաշխության և տարեցների արժեքավոր ներդրման ու մյուսներին ցուցաբերած օգնության վրա հիմնված հակափաստարկների տարածումը առանցքային կլինի սոցիալական նորմերի և վերաբերմունքի փոփոխության համար:
  4. Տարիքի ոսպնյակով զինված, վերանայել իրավական և քաղաքականության կարգավորումները ու բյուջեները: Եկել է ժամանակը, որ մենք սկսենք նայել ճգնաժամից անդին և հասկանանք, թե ինչ է պետք փոխել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը, զբաղվածությունը և սոցիալական ապահովությունը, որպեսզի երկրները ժողովրդագրական սրընթաց փոփոխության հետևանքները հաղթահարելու տեսանկյունից ավելի բարենպաստ վիճակում հայտնվեն՝  միաժամանակ ապահովելով ծերացող բնակչության իրավունքներն ու ընտրության հնարավորությունը:

Եկեք պարզ խոսենք. այս ճգնաժամի ընթացքում այդքան տարեցների մահն անխուսափելի չէր: Դա, որպես հասարակություններ, կառույցներ և մշակույթներ, ավագ սերնդի կյանքին և բարեկեցությանը հավասար կարևորություն և արժեք տալու մեր ձախողման ուղղակի հետևանքն էր։ Մենք պետք է սովորենք անցյալի սխալներից և լուրջ վերաբերվենք այնպիսի հասարակության կերտմանը, որը բոլոր տարիքների համար է, որտեղ տարեցները ճանաչվում և աջակցություն են ստանում որպես հասարակության կարևոր հիմնասյուներ՝ ուսուցիչներ և խորհրդատուներ, խնամողներ ու կամավորներ, բանասացներ և ստեղծողներ, մշակույթ փոխանցողներ և պայքարողներ՝ իրավունքների համար, որոնք մեզ երբեմն ինքնին ենթադրվող են թվում: Ծերացող Եվրոպայում մենք պարզապես չենք կարող բնակչության մեկ քառորդը՝ իրենց բոլոր հմտություններով, տաղանդներով և ունեցած այլ ներդրումներով, դուրս թողնելու շռայլություն թույլ տալ: Տարեցներին նույն իրավունքներով և արժանապատվությամբ վերաբերմունք ապահովելը ոչ միայն բարոյական հրամայական է, այլև փոխշահավետ է բոլորի՝ հավասարապես թե՛ ծերերի, թե՛ երիտասարդների համար:


Ալանա Արմիտաժը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենն է:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակ