Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կամք
A A
Հասարակություն

«Կամք» նախաձեռնության անդամներն ազատ են արձակվել

Նախօրեին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրի դիմացից «Կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանին և նախաձեռնությունից ևս 2 հոգու բերման էին ենթարկել Ոստիկանության Էրեբունու բաժին։  

Դատարանում այսօր քննվում է «Կամք»-ի անդամ Արթուր Ալեքսանյանի կալանավորման հարցը։

Ոստիկանության լրատվական բաժնից հայտնեցին, որ «Կամք»-ի անդամները բերման են ենթարկվել ժամը 12-ի սահմաններում։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար բերման են ենթարկվել։ Այս պահին կազմվում է արձանագրություն»,- ավելի վաղ հայտնել էին Ոստիկանության լրատվական բաժնից։

Հոդված 182-ը վերաբերում է Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն։ «Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով»,- սահմանված է հոդվածով:

«Ա1+»-ը նաև կապ հաստատեց «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության հիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ, որը երեկ եղել էր ոստիկանության բաժանմունքում։ Նա ասաց, որ այսօր Ոստիկանության բաժանմունք գնացել է «Իրավական ուղի»-ի մեկ այլ ներկայացուցիչ։ 

«Այսօրվանը որևէ էական հանգամանքներով չի տարբերվում երեկվա գործողությունից։ Ոստիկանությունը պնդում է հետևյալը․ որ դա հավաք է, և հավաքն արգելված է արակարգ դրության կառավարության որոշմամբ։ Ներկայացվում է իրենց պնդմամբ օրինական պահանջ, իսկ մյուս անձինք պնդում են որ իրենց արածը հավաք չէ, որովհետև կազմակերպված չէ, որևէ մեկը կոչ չի արել հավաքվել շենքի մոտ, մարդիկ առանձին-առանձին են եկել։ Նրանք Ոստիկանության պահանջը չեն համարում օրինական, հետևաբար չեն ենթարկվում այդ պահանջին, և դրանից հետո ոստիկանությունը վարչական ձերբակալության է ենթարկում պահանջը չկատարելու համար»,- պարզաբանեց Մելիքյանը։

Ըստ Մելիքյանի՝ այս քայլերով իշխանությունները չարաշահում են արտակարգ դրության իրավական ռեժիմը, ռեպրեսիվ միջոցների են դիմում, բացարձակ անհիմն մեղադրանք են ներկայացնում անձանց։ 

Իրավիճակի այսպիսի ընթացքն իրավապաշտպանը կապում է «Լանսարոտե»-ի կոնվենցիայի ընդունմամբ ստեղծված իրավիճակի հետ (կոնվենցիայի վավերացման դեմ Ազգային ժողովի մոտ մայիսի 11-ին «Կամք»-ը հավաք էր անցկացրել)։ Ըստ նրա՝ գրեթե առանց քննարման կոնվենցիան անցկացվեց, և բնական է, որ դրա դեմ բողոքող մարդիկ կան։

 «Նրանք Ազգային ժողով գնացին, ինչ-որ միջադեպ տեղի ունեցավ (նկատի ունի «Իմ քայլը» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հաղորդման համաձայն՝ իրեն հեծանիվով վրաերթի ենթարկելու և հայհոյելու միջադեպը), հիմա էլ կալանքի հարցն է քննվում։ Նրան ներկայացված է այնպիսի մեղադրանք, որն իրավաբանների համար ուղղակի անպատկերացնելի է․ 316 հոդված»,- շարունակեց Մելիքյանը։

Իրավաբանի խոսքերով՝ այս հոդվածը նշանակում է բռնություն կամ սպառնալիք իշխանության ներկայացուցչի նկատմամբ, բայց իշխանության ներկայացուցիչ հասկացությունը շատ հստակ սահմանված է․ «Անձինք են, որոնք ոչ իրենց ենթականերին իրավունք ունեն կարգադրություններ տալ։ Դա նախատեսված է ոստիկանների և ոստիկանական գործառույթ իրականացնող մյուս անձանց համար։ Անհեթեթ մեղադրանք  է անձին ներկայացվել, և բնական է, քանի որ սա քաղաքական գործընթաց է, մարդիկ կլինեին, որ կգնային դատարանի առջև բողոք արտահայտելու»։

Մելիքյանը նշեց, որ երեկ Չախալյանը Ոստիկանության բաժանամունքից դուրս  գալուց հետո հայտարարել էր, որ որևէ մեկի կոչ չի անում հավաքվել դատարանի շենքի առջև, իսկ այսօր նրան և ևս երկու հոգու ձերբակալել են։ «Նույն ժամին, նույն պահին կառավարության շենքի դիմաց ավելի շատ քաղաքացիներ էին հավաքված այլ հարցերով, սակայն որևէ մեկը նրանց նկատմամբ նույն միջոցը չկիրառեց։ Այսինքն՝ սա ո՛չ միայն խախտում է, ո՛չ միայն օրենքի սխալ մեկնաբանում է, ո՛չ միայն քաղաքական հետապնդում է, այլև անհամաչափ միջամտություն է և խտրական մոտեցում է»,- եզրափակեց նա։

Քիչ առաջ «Կամք»ի ձերբակալված անդամներ Վահանգն Չախալյանին, Արամ Խանզադյանին, Դավիթ Չախալյանին բաց են թողել։ Այս մասին «Ա1+»-ին ասաց նախաձեռնության անդամ  Հմայակ Մկրտչյանը։ Հարցին՝ կրկին գնալո՞ւ են դատարանի մոտ, պատասխանեց․ «Ժամը 19։00-ին։ Առայժմ ոչ»։

Նշենք, որ Նիկոլայ Բաղդասարյանի հետ կապված միջադեպի մասով մեղադրանք է առաջադրվել «Կամք»-ի մեկ այլ անդամ Արթուր Ալեքսանյանին, որի կալանավորման հարցով դատական նիստ է ընթանում։