Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Երբ Հանրապետության նախագահը ստորագրեց օրենքը, նրա, նրա ընտանիքի դեմ հարձակում սկսվեց» (տեսանյութ)

Իշխող ուժի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի համոզմամբ՝ նախկին իշխանությունները տպավորություն են ստեղծում, թե այս Ազգային ժողովը պրոֆեսիոնալ չէ, անլուրջ է, պատգամավորները բռնությանը կողմ են և այլն։ Ըստ պատգամավորի՝ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կամա, թե ակամա այս համատեքստում է գտնվում։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց պարոն Ռուբինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ հիմքեր ունեն փաստելու, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը համագործակցում է նախկին իշխանությունների հետ։

«Այլ կերպ, քան Ազգային ժողովի ապալեգիտիմացման փորձ հնարավոր չէ անվանել «Լուսավոր Հայաստան»-ի առանձին պատգամավորների, և առաջին հերթին խմբակցության ղեկավարի վերջին շրջանի պահվածքը։ Փա՞ստ է չէ, որ մի օր ԱԺ-ում են հայհոյում, մի օր ԱԺ-ից դուրս, մի օր ԱԺ-ից դուրս է ծեծկռտուք լինում, մի օր էլ ներսում»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։ «Իմ քայլի» պատգամավորը նշում է, թե այդ ուժերը վերջին շրջանում նույն տրամաբանությամբ են գործում։ Պատգամավորը համեմատություն է անցկացնում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ։

Նա պնդում է, որ նախկին իշխանությունների հետ կապված շրջանակները ընդդիմանում են այս օրենքին։ «Բանը նրան է հասել, որ երբ Հանրապետության նախագահը ստորագրեց օրենքը, նրա, նրա ընտանիքի դեմ հարձակում սկսվեց։ «Լուսավոր Հայաստանը» ինչպե՞ս է քվեարկել՝ ձեռնպահ։ Ինչո՞վ մենք կարող ենք եզրակացնել այս կամ այն քաղաքական ուժի դիրքորոշումը, իրենց պահվածքով՝ կողմ չեն քվեարկել դրան ու սա օրակարգ է, որը կապված է նախկին իշխանությունների գործունեության հետ»,- ընդգծեց Ռուբեն Ռուբինյանը։

Իշխող ուժի պատգամավորներից լրագրողները հետաքրքրվեցին նաև վերջին օրերերին բուռն քննարկումների արժանացած «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայից։

Արդյո՞ք կոնվենցիայով նախատեսվում է, որ 6-7 տարեկան երեխաներին սեռական դաստիարակություն են անցնելու, ի՞նչ է դա նշանակում, որովհետև մտահոգություններ կան, որ նոր դպրոցահասակ երեխան պետք է սեռական դաստիարակության ստանա։

Իշխող ուժից Մարիա Կարապետյանն ասաց, որ կոնվենցիայի 50 հոդվածներից մեկը վերաբերում է կրթությանը, որը խրախուսում է երկրներին իրենց ազգային կրթական ծրագրերում միջոցներ ունենալ երեխաներին իրենց սեռական անձեռնմխելիության նկատմամբ վտանգներից և ռիսկերից առաջին ազդանշանները ճանաչելու ունակություններ և ինքնապաշտպանվելու ունակություններ տալ։

«Սա չի նշանակում, որ տարրական և միջնակարգ դպրոցում երեխաները պետք է սովորեն՝ ի՞նչ է սեռական անձեռնմխելիությունը, սրանք դժվար բառեր են նաև որոշ չափահաս քաղաքացիների համար, ուր մնաց թե փոքր երեխաների։ Այստեղ խնդիրը երեխայի տարիքին հարմարեցված, նրա կարիքների, ունակությունների, հետաքրքրություններին հարմարեցված ունակությունների տրամադրումն է, թե ինչպես ճանաչել չափահաս անձանց վարքի մեջ հնարավոր ազդանշանները, որ իրենց վտանգ է սպառնում այդ անձից և ինչպես օգնություն խնդրել մեծահասակներից, որպեսզի իրենց սեռական անձեռնմխելիությունը պաշտպանված լինի»,- պարզաբանեց Մարիա Կարապետյանը։

Իշխող ուժի պատգամավորներից հետաքրքրվեցին նաև Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարություններից։

Մանրամասները՝ տեսանյութում։