Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess evropa
A A
Սպորտ

Հայաստանի շախմատիստները կմասնակցեն Եվրոպայի առցանց առաջին առաջնությանը

Հայաստանի 40 շախմատիստ կմասնակցի առցանց Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի առաջին անգամ: Այդ մասին տեղեկացնում է շախմատի Եվրոպայի ֆեդերացիան:

Առաջնությունը կմեկնարկի մայիսի 16-ին: Մասնակիցները բաժանվել են 5 խմբերի՝ ըստ իրենց վարկանիշների: Առաջինը կմրցեն ցածր վարկանիշ ունեցող շախմատիստները, իսկ վերջում՝ ուժեղագույնները:

Գլխավոր մրցաշարում հանդես կգան 215 շախմատիստ-շախմատիստուհի, ովքեր 2300-ից բարձր վարկանիշ ունեն: Այդ մրցումներում Հայաստանը կներկայացնեն 11 հոգի: Մեր մասնակիցների ցանկը գլխավորում է Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը: Ապա հաջորդում են Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Դավիթ Շահինյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արման Միքայելյանը, Մամիկոն Ղարիբյանը, Դավիթ Գևորգյանը, Արմեն Բարսեղյանը, Դավիթ Զաքարյանն ու Աննա Սարգսյանը:

Գլխավոր մրցաշարը կկայանա մայիսի 29-31-ը: Առաջին երկու օրը շախմատիստները շվեյցարական մրցակարգով կանցկացնեն 16-ական պարտիա: Առաջին 16 տեղերը գրաված շախմատիստները կմտնեն փլեյ-օֆֆ, որտեղ կգործի արդեն օլիմպիական մրցակարգ (պարտվողը դուրս կմնա մրցաշարից): Նրանք բոլորը դրամական պարգև կստանան՝ հաղթողը 1200 եվրո, իսկ 1/8 եզրափակիչից դուրս մնացածները՝ 300-ական եվրո: