Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պատգամավորը խոհեմության կոչ է անում Արման Թաթոյանին (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը առանձին դեպքերում բավարար է գնահատում, իսկ «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը՝ անբավարար։

ԱԺ ամբիոնից Վաղարշակ Հակոբյանը կոշտ ելույթ ունեցավ։ Պատգամավորին այդ զեկույցում չէր գոհացրել կանանց իրավունքների վերաբերյալ հատվածը։ Մասնավորապես հետևյալ խոսքերը՝ «Կինը ինքնուրույն, իրավատեր և արժանապատիվ մարդ է»։

«Մեղմ ասած՝ այս ձևակերպումը ոչ տեղին էր։ Եթե Դուք այս ձևակերպմամբ կարդայիք զեկույց 20-րդ դարի 1920-30-ական թթ․ որևէ խորհրդարանում, սա կլիներ ընկալելի, բայց 21-րդ դարում, հեղափոխությունից հետո ՄԻՊ-ի զեկույցում կանանց մասին խոսել 2 տողով, այն էլ նշել, էր կինը մարդ է, այն էլ՝ արժանապատիվ, սա անթույլատրելի է»,- ընդգծեց Վաղարշակ Հակոբյանը՝, հավելելով, որ ՄԻՊ-ը կարող էր իր միտքը այլ թեմաների շուրջ կրճատել, բայց կանանց իրավունքների մասին պետք էր ավելի համապարփակ խոսել։

Նկատենք, որ ՄԻՊ-ի զեկույցում «Կանանց իրավունքներ» բաժինը 40 էջ է։ Պատգամավորը գոհ չէր Արման Թաթոյանի վերաբերմունքից՝ իշխանության ներկայացուցիչների հանդեպ կատարված տարբեր գործողություններով պայմանավորված։

«Ձեր վերաբերմունքը զրոյական է, ես այստեղ միտում եմ տեսնում»,- ընդգծեց նա, ապա հավելեց․ «Ես Ձեր գործունեության մեջ երկակի ստանդարտներ եմ տեսնում։ Ինչպե՞ս է լինում, երբ Դուք կայծակնային արագությամբ արտահայտում եք Ձեր վերաբերմունքը այս ամբիոնից հնչեցրած մեր գործընկերոջ տեքստի նկատմամբ, բայց խորքային գնահատական չեք տալիս ստեղծված իրավիճակին։ Ի՞նչ է, հակառակ կողմը իր համար նստած հաց ու սոխ էր ուտում, և մեր գործընկերն եկավ ու վիրավորական տե՞քստ հնչեցրեց։ Ես Ձեզ խոհեմության, անաչառության և իրավիճակը ավելի խորքային նկարագրելու կոչ եմ անում»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց իշխող ուժի պատգամավորը։ Վաղարշակ Հակոբյանը ՄԻՊ-ին կոչ է արեց «կիսով չափ որևէ պրոցեսի մեջ չներգրավվել, որովհետև դա արժանանալու է քաղաքական գնահատականի։

Մանրամասները՝ տեսանյութում։