Բացել լրահոսը Փակել լրահոսը
կենտրոնական բանկ
A A
Տնտեսություն Պաշտոնական

Կենտրոնական բանկի կողմից իրականացված քայլերը՝ COVID 19-ի տարածմամբ պայմանավորված իրավիճակում

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, մշտադիտարկելով COVID 19-ի տարածմամբ պայմանավորված իրավիճակը և գնահատելով դրա հավանական ազդեցությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության, ֆինանսական համակարգի, ինչպես նաև ֆինանսական ծառայություններից օգտվողների վրա, իրականացրել և շարունակում է իրականացնել մի շարք միջոցառումներ Հայաստանի Հանրապետությունում գների կայունության, ֆինանսական համակարգի կայունության և անխափան գործունեության ապահովման նպատակով:

Ստորև ներկայացվում է 2020 թվականի մարտ-մայիս ամիսների ընթացքում Կենտրոնական բանկի կողմից իրականացված հիմնական միջոցառումների ամփոփ նկարագիրը

 

  • Կենտրոնական բանկի խորհուրդը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը երկու փուլով՝ 5.5%-ից իջեցնելով 5.0%: Հաշվի առնելով արտաքին և ներքին ընթացիկ ու կանխատեսվող զարգացումները, թուլացող պահանջարկը և առկա ցածր գնաճային միջավայրը՝ Կենտրոնական բանկի խորհուրդը նպատակահարմար է գտել ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը՝ նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
  • Ֆինանսական շուկայի տատանողականությունը հարթելու, ռիսկերն ու անորոշությունները նվազեցնելու և դրամավարկային քաղաքականության փոխանցումային մեխանիզմի անխափան գործունեությունն ապահովելու նպատակով դրամավարկային քաղաքականության հիմնական ռեպո գործիքի միջոցով տրամադրվել է շուկայի աճող պահանջարկին համահունչ դրամային իրացվելիություն: Այս գործողության արդյունքում միջբանկային կարճաժամկետ տոկոսադրույքը պահպանվել է քաղաքականության նպատակային տոկոսադրույքի շրջանակներում և ապահովվել է պետական արժեթղթերի եկամտաբերության կորի կայունացումը: 
  • Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել հիմնական կապիտալի համարժեքության նորմատիվը 10%-ից իջեցնել 9%: Համաձայն որդեգրած երկարաժամկետ քաղաքականության՝ Կենտրոնական բանկը մշտապես ապահովում է բանկային համակարգի կարգավորման սկզբունքների (այդ թվում՝ կապիտալի կառուցվածքի նկատմամբ պահանջների) համապատասխանությունը Բազելյան կոմիտեի կողմից սահմանված ստանդարտներին։ Տնտեսական ակտիվության և դրա հեռանկարի վրա COVID-19-ի տարածմամբ պայմանավորված անորոշությունների բացասական հետևանքները մեղմելու նպատակով որոշում է կայացվել ընդհանուր կապիտալի կառուցվածքում մեծացնել լրացուցիչ կապիտալի տեսակարար կշիռը՝  հնարավորություն տալով բանկերին ստորադաս փոխառություններ և կապիտալի այլ գործիքներ ներգրավելու միջոցով իրականացնել տնտեսության լրացուցիչ վարկավորում։ Որոշումը հանդիսանում է Կենտրոնական բանկի՝ ֆինանսական կայունության երկարաժամկետ  քաղաքականության մաս և ապահովում է բանկերի հնարավոր ռիսկերը և վնասները կլանող գործիքների բավարար մակարդակ: 
  • Կենտրոնական բանկը համապատասխան ազդակներ է փոխանցել բանկերին  ձևավորված կապիտալի բուֆերները բանկային գործառնությունների իրականացման շարունակականությունն ապահովելու նպատակով օգտագործելու ուղղությամբ։ Կենտրոնական բանկը, առաջնորդվելով միջազգային լավագույն փորձով, Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կարգավորման դաշտում ներդրել է սթրեսային իրավիճակներին դիմակայելու և տնտեսական անկման փուլում վնասները կլանելու տարբեր գործիքներ։ Բանկային համակարգում ներդրված գործիքների առկայությունը հնարավորություն է ստեղծում տնտեսության  ժամանակավոր անկման փուլում միջոցներն ուղղել տնտեսվարող սուբյեկտների վարկավորմանը, ինչպես նաև դիմակայել սթրեսային իրավիճակից բխող վնասներին։ Նմանատիպ գործիքներից են կապիտալի բուֆերները, որոնք սահմանված են ի լրումն կապիտալի համարժեքության նորմատիվների և նախատեսված են սթրեսային ժամանակահատվածին հատուկ ռիսկերը (այդ թվում՝ համակարգային) զսպելու համար։ 
  • Կենտրոնական բանկի կողմից հետաձգվել է Բազել 3-ով սահմանված իրացվելիության երկու նոր նորմատիվների՝ իրացվելիության ծածկույթի նորմատիվի (LCR) և զուտ կայուն ֆինանսավորման նորմատիվի (NSFR) ներդրման ժամկետը՝ բանկերի կողմից տնտեսության իրական հատվածի ֆինանսավորումն անխափան իրականացնելու նպատակով։ Իրացվելիության նոր նորմատիվներն ուժի մեջ կմտնեն 2021թ հունվարի 1-ից։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ սովորական ռեժիմով շարունակում են գործել բանկերի իրացվելիության ռիսկը կարգավորող ընդհանուր և ընթացիկ իրացվելիության նորմատիվները։
  • Երկարաձգվել են ֆինանսական կազմակերպությունների կողմից հաշվետվությունների, այդ թվում՝ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների, հեռանկարային զարգացման ծրագրերի, վերականգնման ծրագրերի ներկայացման ժամկետները։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակում մի կողմից ֆինանսական կազմակերպություններում մարդկային ռեսուրսների սակավությունը և մյուս կողմից ֆինանսական կազմակերպությունների գործունեության շարունակականության և անընդհատության ապահովման անհրաժեշտությունը՝ Կենտրոնական բանկի կողմից հաշվետվությունների ներկայացման ժամկետների հետաձգումները ֆինանսական կազմակերպություններին հնարավորություն են տվել իրենց գործառնական կարողություններն առավելապես ուղղել հաճախորդների և տնտեսության սպասարկմանը։ Երկարաձգումները կատարվել են՝ ելնելով տարբեր հաշվետվությունների ներկայացման պարբերականությունից, առանձին դեպքերում սահմանելով մինչև 2 ամիս հետաձգման հնարավորություն։ Տարեկան հաշվետվությունների համար վերջնաժամկետ է սահմանվել մայիսի 31-ը։
  • Կենտրոնական բանկի կողմից արվել են հայտարարություններ՝ հաճախորդների ուղղորդելով օգտվել օնլայն ֆինանսական ծառայություններից, վճարահաշվարկային հավելվածներից և առցանց բանկային ծառայություններից, ինչը ուղղված է նաև ֆինանսական կազմակերպությունների գործառնական կարողությունների մեծացմանը։
  • Այս ընթացքում Կենտրոնական բանկի Թեժ գիծը աշխատել է արտակարգ ռեժիմով։ Կենտրոնական բանկի մասնագետները պատասխանել են քաղաքացիների կողմից բարձրացված հարցադրումներին, ուղղորդել և տրամադրել են անհրաժեշտ տեղեկատվություն, ուսումնասիրել նրանց կողմից ներկայացված բողոքները: 
  • Կենտրոնական բանկը ամենօրյա ռեժիմով հանդիպումներ և քննարկումներ է ունենում ֆինանսական կազմակերպությունների հետ՝ ուշադրության կենտրոնում պահելով թե՛ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բանկերի միջոցով իրականացվող տնտեսական և սոցիալական տարբեր ծրագրերով իրականացվող միջոցառումների ընթացքը, և թե՛ ֆինանսական կազմակերպությունների կողմից բարձրացվող այլ հարցերին օպերատիվ և համակարգված լուծումներ տալու գործընթացը։ Հաղորդակցման ընթացքում Կենտրոնական բանկը բազմիցս հայտարարել է բանկերին անհրաժեշտ ծավալի իրացվելի միջոցներ տրամադրելու պատրաստակամության վերաբերյալ։
  • Վարկային պարտավորությունները պայմանագրերին համապատասխան կատարելու դժվարություններով պայմանավորված՝ վերանայվել են COVID-19 համավարակից առանձնակի տուժած բիզնեսի և ֆիզիկական անձ վարկառուների պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակում մի շարք վարկառուների վարկունակության վատթարացումը պայմանավորված էր COVID-19 համավարակից բխող համակարգային ռիսկով, Կենտրոնական բանկի և վարկատու կազմակերպությունների համագործակցության արդյունքում ձևավորվել են մեխանիզմներ, որոնց կիրառումը հնարավորություն է տվել անհատական մոտեցում ցուցաբերել վարկառուների նկատմամբ, ինչպես նաև խուսափել վարկառուների կողմից վարկային պայմանագրով սահմանված վճարումները չիրականացնելու հետևանքով վարկային պատմության վատթարացումից։
  • «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն, «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ն և «Գերմանահայկական հիմնադրամ»-ը,  հետևելով ստեղծված իրավիճակին և նպատակ ունենալով աջակցել ֆինանսական դժվարությունների բախված վարկառուներին, հնարավորություն են ստեղծել իրենց ծրագրերի շրջանակներում բանկերի միջոցով հաճախորդներին տրամադրված վարկերի մայր գումարների մարումները հետաձգել մինչև 6 ամսով։
  • Հաշվի առնելով Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից որդեգրած մոտեցումները և նպատակ ունենալով ապահովել պետության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի արդյունավետ իրականացումը՝ Կենտրոնական բանկը բանկերին ուղղորդել է առաջնորդվել հետևյալ սկզբունքներով 

 

    • բռնագանձում չտարածել վարկառուների այն հաշիվների նկատմամբ, որոնց միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված միջոցառումների շրջանակներում տրամադրվել են ֆիզիկական անձանց օգնությունները և այլ սոցիալական  աջակցությունները,
    • միջոցներ ձեռնարկել, որպեսզի սոցիալական աջակցության միջոցներից չգանձվեն որևէ միջնորդավճարներ։

Կենտրոնական բանկը շարունակում է ուսումնասիրել միջազգային կառույցների, այլ երկրների կենտրոնական բանկերի և քաղաքականություն մշակողների կողմից իրականացվող միջոցառումներն ու համաշխարհային ֆինանսատնտեսական զարգացումները, որպեսզի այդ զարգացումներով պայմանավորված նորանոր ռիսկերի ներքո իր գործիքակազմով կարողանա ապահովել ֆինանսական ինստիտուտների, ենթակառուցվածքների և շուկաների անխափան գործունեությունը, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանությունը:    

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն