Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ղազախական «Աստանան»՝ «Ջիրո դ’Իտալիայի» վիրտուալ հեծանվավազքի հաղթող

Ղազախական «Աստանա» թիմի հաղթանակով ավարտվեց առցանց անցկացված «Ջիրո դ’Իտալիա» հեծանվավազքը: Այդ մասին հայտնում է velolive-ը:

Վերջին՝ 7-րդ անհատական փուլում, «Աստանայի» հեծանվորդները զբաղեցրել են 4-5-րդ տեղը, սակայն ընդհանուր հաշվարկով նրանք 49 րոպե 57 վայրկյանով առաջ են անցել երկրորդ տեղը գրաված «Ջումբո-Վիսմա» թիմից: Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրել է «Անդոնի Ջիոկատոլի-Սիդեմեկ» թիմը:

Նշենք, որ «Ջիրո դ’Իտալիա» վիրտուալ հեծանվավազքին մասնակցել են պրոֆեսիոնալ 6 թիմ: Յուրաքանչյուր փուլին ամեն թիմից մասնակցել են երկուական հեծանվորդ, որոնք սոցցանցին միացրած հեծանվի տրենաժորի օգնությամբ անցել են «Ջիրո դ’Իտալիայի» վիրտուալ յոթ մրցափուլ:

Հաղթողների կազմում հանդես են եկել Ալեքսեյ Լուցենկոն, Դավիդե Մարտինելին, Օմար Ֆրաիլեն, Ուգո Ուլը, Եվգենի Գիդիչը, Գորկա Իսագիրեն, Յոն Իսագիրեն, Յակոբ Ֆուլսանգը, Ալեքս Արանբուրուն և Մանուելե Բոարոն: