Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Երբ հասարակական կառույցները վերբալ բռնության ներքո էին, Դուք չէիք արձագանքում․ իմքայլականը՝ ՄԻՊ-ին (տեսանյութ)

Խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրեց 2019 թվականի ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում և «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը։

Արման Թաթոյանը մանրամասն ներկայացրեց, թե ի՞նչ խնդիրներ են արձանագրվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ապա պատգամավորները հարցեր ուղղեցին նրան։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը նախ ընդգծեց, որ վերջին տարիների ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում Արման Թաթոյանի աշխատանքում մեկ խնդիր է տեսնում։

«Շատ խոսեցիք ատելության խոսքի գեներացման մասին, նաև զեկույցում այդ մասին հիմնավորումներն եք նշել, բայց այս մեկ տարվա ընթացքում հատկապես պատճառահետևանքային կապի դեպքում միշտ արձանագրել եք հետևանքի մասին, մինչդեռ ատելության խոսքի դեպքում պատճառը չափազանց կարևոր է։ Այն, որ հասարակական կառույցները ամիսներով վերբալ հայհոյանքների, բռնության ներքո էին Դուք դրան չէիք արձագանքում, այն որ այդ նույն հասարակական կառույցների մոտ ուսուցիչները, որոնք ամիսներով մարզերում հայերեն և մաթեմատիկա էին կամավոր հիմունքերով սովորեցնում, այդ նույն խմբակի կողմից վերբալ բռնության արժանացան, Դուք դրան չարձագանքեցիք, սակայն արձագանքեցիք երբ այդ նույն խմբակի նկատմամբ որևէ գործողություն իրականացվեց, սա ցավալի իրողություն է»,- ընդգծեց իշխող ուժի պատգամավորը։

Մարդու իրավունքների պաշտպանը չհամաձայնեց պատգամավորի դիտարկումների հետ։

«Կցանկանայի, որ մանրամասնեիք, թե ի՞նչ է նշանակում, որ ես չեմ անդրադարձել պատճառին։ Կարծում եմ՝ ես միշտ եմ անդրադառնում պատճառին, կարող է մեկ կամ երկու հայտարարությամբ պատճառ չնշվի այդ հայտարարության կամ իրավիճակից ելնելով։ Ինչ վերաբերում է Ձեր նշած դեպքին, պետք է ասեմ, որ ես այդ դեպքով ևս հայտարարություն արել եմ և հատուկ ուզում եմ նշել, որ մարդու իրավունքների այդ երկու դեպքում էլ մեծ հանրային ճնշում կա, իսկ ՄԻՊ-ի ինստիտուտը զգայուն է հանրային արձագանքների նկատմամբ»,- ընդգծեց Արման Թաթոյանը։

ՄԻՊ-ը շեշտեց, որ որ չի կարող իր հայտարարություններում մասնավոր անձանց մասին մեղադրական ոճով խոսել, ինքը մշտապես արձանագրել է այն խնդիրենրը, որոնք առկա են։

Մանրամասները՝ տեսանյութում։