Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի՞, թե՞ ոչ՝ պարզ կլինի մայիսի 13-ին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քննարկվեց Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հարցը:
Դատական նիստին քննարկվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ 3 միջնորդությունները։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խափանման միջոց կալանավորումն ընդհանրապես վերացնելու մասին, գրավի կիրառում կամ անձնական երաշխավորություն։ Նիստին ներկայացան և անձնական երաշխավորություն ներկայացրին Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:
Դատավարության ընթացքում արդեն երկրոդ անգամ ելույթ ունեցավ Ռոբերտ Քոչարյանը: Ով հայտարարեց, որ իր իրավունքները ոտնահարվում են կոպիտ, գռեհիկ ձևով: Պատմեց, որ Իզմիրլյան ԲԿ–ում բժիշկների հետ վիրահատության հարցը քննարկելիս ՔԿՀ վարչությունից մի սպա է ներկա եղել խոսակցությանը ու պնդել, որ ինքն էլ պետք է մասնակցի այդ քննարկմանը.
«Ես նրան հարցրեցի՝ Դուք բժի՞շկ եք, ասաց ՝ոչ: Հարցրեցի, թե որպես ով եք մասնակցում: Ասաց, որ պարտավոր է մասնակցել: Ես ասացի՝ խնդրում եմ զանգեք ՄԻՊ-ին, ասաց, որ չի զանգում, զրկել են կապի հնարավորությունից: Վերջը այլ ելք չկար, ես կանգնեցի ու ասացի հրաժարվում եմ բուժումից, ինձ տարեք ՔԿՀ: Ինքը դուրս եկավ, զանգեց իր պետին, չգիտեմ մինչև ուր զանգեցին, ասացին, որ հասկացան, չեն մասնակցում»:
Անդրադարձավ նաև երաշխավորների վերաբերյալ պնդումներին: Ասաց՝ նրանց փորձում են վարկաբեկել՝ որպես փաստ ներկայացնելով մամուլի ինչ-որ հրապարակում:
Ռոբերտ Քոչարյանի ելույթով դատական նիստն ավարտվեց: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, վճիռը կհրապարակվի մայիսի 13-ին ժամը 17։ 50-ին:
Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ Նա մեղադրվում է 2008 թվականին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։
Նշենք նաև, որ Դատախազությունն այսօրվա նիստի ընթացքում առարկեց Քոչարյանի փաստաբանների միջնորդությունները՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, նշելով, որ ներկայացված միջնորդությունները անհիմն են, և այժմ խափանման միջոցը փոխելու անհրաժեշտություն չկա: