Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Այս պահին խցում մենակ եմ, բայց անձնակազմի հետ շփումը շարունակվում է. Ռ. Քոչարյան (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում  դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող  Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով  հերթական դատական նիստը։ 

Դատավորի այն հարցադրմանը, թե ի՞նչ պայմաններ են այն  քրեակատարողական հիմնարկում, որտեղ գտնվում է  Ռոբերտ Քոչարյանը, վերջինս անձամբ պատասխանեց և ներկայացրեց իրավիճակը. 

«Քրեակատարողական հիմնարկում աշխատողների 80 տոկոսը աշխատում են մեկ օր և երեք օր ազատ են, ոչ մեկ իրենց չի կարող վերահսկել՝ ինչով են զբաղվում աշխատանքային օրվանից դուրս: 90 տոկոսը երիտասարդ է, սա նշանակում է, որ 50 տոկոսը իրենցից նույնիսկ վարակվելու դեպքում ասիմտոմատիկ են լինելու և կարող են գալ աշխատանքի»:

Քոչարյանը փոխանցեց, որ այս պահին իր իսկ ցանկությամբ խցում մենակ է, բայց անձնակազմի հետ շփումը շարունակվում է, և այն սահմանափակել հնարավոր չէ՝ շենքային պայմաններից ելնելով:

«Ուտելիքը աութսորս է արվում մասնավոր ընկերության կողմից, բերում են փաթեթավորված, պենոպլաստից փաթեթներ մեջ, և որևէ  մեկը չի կարող երաշխավորել, որևէ թեստավորում չի արվում՝ ով է աշխատել, ով է կերակուրները պատրաստել, առաքել, ուղղակի անորոշ է»:

Նրա խոսքով՝ շենքային պայմաններում չկա օդափոխություն կամ այլ պայմաններ, թեև անձնակազմը փորձում է պահպանել կարանտինային պայմանները:

Փաստաբան Հայկ Ալումյանն էլ հավելեց, որ Ռոբերտ Քոչարյանը այս պահին գտնվում է Իզմիրյան բժշկական կենտրոնում, և հիվանդասենյակում իր հետ պարտադիր գտնվում է քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչ, քանի որ որպես խափանման միջոց ընտրված է կալանավորումը.

«Դուք պատկերացրեք ամեն հերթափոխին 5-6 հոգի, իրար փոխարինելով, գալիս են, սենյակում նստում են, և այդ անձնակազմը 3 օրը մեկ է գալիս»:

Քոչարյանն էլ հավելեց, որ ապրում է, ինչպես հանրակացարանում.

«Իմ հետ սենյակում գտնվում է մարդ, ով պարբերաբար փոխվում է, իմ շփման մակերեսը մոտ 70 մարդ է շաբաթվա ընթացքում: Եթե սա նորմալ է, ուրեմն՝ թող այսպես մնա»,- ասաց նա: